Լրահոս
Օրվա լրահոսը

Նոստալգիկ մտորումներ համերգից հետո

Հունիս 19,2012 00:52

Այսօր ներկա էի «Հայկական ռոք ասոցիացիայի» կազմակերպած համերգին՝  նվիրված Փոլ ՄըքՔարթնիի ծննդյան 70 ամյակին: Համերգից առաջ մտածում էի, թե դահլիճը լեցուն է լինելու իմ տարեկից բիթլոմաններով: Սակայն պարզվեց, որ ես ու էլի մի քանի հոգի այդտեղ տարիքային փոքրամասնություն էինք՝ դահլիճը լեցուն էր դեռահասներով, որոնք պատանեկան ավյունով էին արձագանքում հայկական ռոք խմբերի բիթլյան կատարումներին:

Նայում էի նրանց ու մտածում՝ հեշտ է ձեզ համար հիմա երկրպագու լինելը: Համակարգչի ստեղնաշարին մի քանի հարված՝ եւ ահա բեռնված են տեսանյութերը,  հայտնի են երգերի տեքստերը, էկրանին են լուսանկարները:

Ես «Բիթլզի», նաեւ ռոք խմբերի լուսանկարները եւ ձայնագրությունները պատվիրելու վրա վատնել եմ իմ առաջին աշխատավարձերը: Բաղրամյան փողոցի «Սամուրայ» սուշի բարի տեղում մի ժամանակ Արայիկի լուսանկարչատունն էր, որտեղ հավաքվում էին երաժշտասերները, եւ այստեղ կարելի էր ցանկացած ձայնագրություն գտնել: Այստեղ մի պատը միայն «Բիթլզի» լուսանկարներն էին, եւ իմ համակուրսեցի Գոռը, որը հրաշալի էր դաշնամուր նվագում՝ մի օր ծնկի իջավ այդ պատի առջեւ:

Սա չեն հասկանա բիթլոմանները, որոնք չեն ապրել Սովետական տարիներին, ու չեն պատկերացնի, որ «Բիթլզի» մասին տեղեկություններն անգամ խիստ սակավ էին, եւ դրանք կարելի էր կորզել, ասենք, «Գիտություն ու տեխնիկա» ամսագրից, որի նախավերջին էջում արտերկրից տեղեկություններ կային: Քանի ժամ եմ անցկացրել Գիտությունների ազգային ակադեմիայի ընթերցասրահում, թերթելով այդ ամսագրի համարները, արտագրելով այդ հատուկենտ հոդվածները:

Հիմա արդեն ափսոսանքով եմ նշում, որ ուսանողական տարիներիս էլ՝ ասենք, Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները լսելու փոխարեն, ես «Բիթլզի» երգերի տեքստերն էի տետրում արտագրում:

Այդ տարիների երկրպագուներից քանիսը նման պատմություններ կունենան:

Եվ այսուհանդերձ, երկրպագուի համար տաժանակիր այդ տարիներից հետո՝ ինքս այլեւս հատվածաբար եմ հետեւել իմ սիրելի խմբերի գործունեությանը: Եվ ի ամոթ ինձ՝ ի տարբերություն երիտասարդ բիթլոմանների՝ նրանց հետ միասին այսօր այլեւս չէի երգում Փոլ Մաքքարթնիի հրաշալի երգերը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930