Նախորդ օրը, երեկոյան ժամը 19.05 սահմաններում, դաժան մարդասպանություն է տեղի ունեցել Գյումրու Լալայան փողոցի տնակային թաղամասերից մեկում: Այդ թաղամասի 21-ամյա բնակիչ Հարություն Հարությունյանը դանակի 10 հարվածով սպանել է իր հարևանուհուն` 77-ամյա Ռոզա Խաչատրյանին: Վերջինս , դանակահարվելով ու արնաքամ լինելով, այդուհանդերձ իր մեջ ուժ է գտել դուրս գալ տնակից ու օգնության կանչել հարևաններին: Այդ ընթացքում նա պատմել է, թե ով է եղել իրեն դանակահարողը, նաև ասել է, որ Հարությունը իր տուն է ներխուժել 5 հազար դրամի համար: Մինչդեռ Հարությունը իր տված ցուցմունքում նշել է, որ ինքը ծեր կնոջը խնդրել էր մանրել իր մոտի 5000 դրամանոցը, սակայն մերժում ստանալով` վրեժ է լուծել:
77-ամյա կնոջը փրկել չի հաջողվել, նա արնաքամ է եղել, մահացել: Երիտասարդի դեմ հարուցվել է քրեական գործ՝ սպանություն կատարելու մեղադրանքով, նա կալանավորված է, նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: Կան տեղեկություններ, որ այս երիտասարդը բանակից ազատվել է նեւրոզ ունենալու պատճառով:
Նշենք, որ 77 –ամյա Ռոզա Խաչատրյանը 4 զավակ ունի, որոնցից երեքը արտերկրում են, իսկ մեկը բնակվում է Գյումրու Անի թաղամասում: Տիկինը 1 սենյականոցի շահառու էր, պատրաստվում էր բնակարան ստանալ Գյումրու նորակառույց թաղամասից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև