Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ուզում, որ մի հատ էլ Լոռիում ունենանք մեռյալ տարածք». Ակտիվիստները շարունակում են ահազանգել

Հունիս 18,2012 17:31

Մինչ ՀՀ կառավարման տարբեր օղակների ներկայացուցիչներն ու «Վալլեքս Գրուպ» ընկերությունների ղեկավարությունը պնդում են, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը դրականորեն է ազդելու ՀՀ տնտեսության զարգացման վրա` խթանելով Թեղուտում աշխատատեղերի ստեղծմանը, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակիվիստիներն ու բնապահպանները ահազանգում են, որ այդ ծրագրով Թեղուտում աղքատությունը ոչ միայն չի վերանա, այլեւ նպաստավոր հող կդառնա առանց այդ էլ ահագնացող արտագաղթի համար:

Նրանց համոզմամբ, աղքատության վերացման համար ծրագիրը խիստ կարճաժամկետ է, որովհետեւ տարիներ անց այդ տարածքում մարդը զրկվելու է առողջ ապրելու, առողջ սերունդ տալու հնարավորությունից:

«Այնտեղ ոչ ապրելու հնարավորություն են ունենալու, ոչ օդ, ոչ նորմալ երեխա է ծնվելու: Լավագույն դեպքում մարդիկ պարզապես ինչ-որ գումար կվաստակեն, եւ դա բավարար կլինի, որ նրանք հեռանան այդ տարածքից, որովհետեւ այդ տարածքում ապրել եւ մեծացնել երեխաներ, այլեւս հնարավոր չի լինի»,- Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում կազմակերպված երիտասարդական ֆորումի շրջանակներում ասաց «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակտիվիստ Լենա Նազարյանը:

Բնապահպանները եւ ակտիվիստներն ուշադրություն են դարձնում հանքի շահագործման արդյունքում պոչամբարում կուտակված թունավոր նյութերի առկայության խնդրին` բարձրաձայնելով, որ 8 բալանոց վտանգավորություն ունեցող տարածքում հանքարդյունաբերության զարգացումը ոչ միայն չի բխում բնակիչների շահերից, ոտնահարում է օրենքը, այլեւ այդ կերպ կուսական անտառների, մաքուր օդի, առողջ երեխաներ ունենալու փոխարեն հետագայում ունենալու ենք եւս մեկ մեռյալ գոտի ՀՀ-ում: «ՀՀ յուրաքանչյուր տարածք հնարավոր է շահագործել, օգտագործել` ըստ իր բնական ռեսուրսների: Թեղուտում բնառեսուրսային պայմանները շատ ավելի հարմարավետ են` այնտեղ տուրիզմ, գյուղատնտեսություն, կանաչ տնտեսության ձեւեր զարգացնելու համար: Սակայն այս ծրագրով տեղի առողջապահական վիճակը լինելու է նույնը, ինչ Քաջարանում, եւ այն վայրերում, որտեղ մարդիկ ուղղակի մեռնում են: Չենք ուզում, որ մի հատ էլ Լոռիում ունենանք մեռյալ տարածք», -ասում է իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Ըստ նրա` Թեղուտի տարածքը հսկայական պոտենցիալ է, որը այս ծրագրով պետք է պետության տնտեսական հաշվեկշռից ուղղակի հանվի:

«Դառնալու է մեռյալ գոտի, այնտեղ էլ ոչինչ չես կարող իրականացնել»,- նշում է իրավաբանը` բացատրելով, որ հանքարդյունահանողը 10, 30 տարի հետո, ամբողջ շահույթը ձեռքին, կգնա` մեզ որպես ժառանգություն թողնելով անտառահատ տարածք ու պոչամբարի մեջ կուտակված ահռելի քանակությամբ թունավոր նյութեր:

«Այդ ամբողջ կեղտը իր թունավոր նյութերով մնալու է այդտեղ հավերժ»,- նշում է նա:

Գրիգորյանի համոզմամբ, ՀՀ կառավարությունը դիտավորյալ այդ տարածքում այլընտրանքային հնարավորություններ չի զարգացնում` բնակիչներին այլ ելք չթողնելով, քան սեփական առողջության հաշվին այդ ծայրահեղ քայլին դիմելն է:

«Այստեղ կա դիտավորություն: Այն մարդիկ, ովքեր այսօր օրենք են ընդունում, դիտավորյալ այնպիսի օրենքներ են ընդունում, օրենքը այնպես են ձեւակերպում, որ հանքարդյունաբերությունը ավելի արագ զարգանա, զարգանա ի հաշիվ գյուղատնտեսության, տուրիզմի եւ այլ ճյուղերի, որովհետեւ իրենք ներգրավված են հանքարդյունաբերության բիզնեսի ոլորտներում, որը թույլ է տալիս շատ արագ ու մեծ քանակությամբ հարստանալ: Իրենք դիտավորյալ ադ տարածքներում չեն զարգացնում տնտեսական որեւէ ճյուղ, որպեսզի մարդիկ ստիպված վազեն ցանկացած հանքարդյունաբերական վտանգներ ներկայացնող ցանկացած աշխատանքի»,-ասում է ակտիվիստը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930