Հունիսի 16-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հայ-ադրբեջանական սահմանագծում հրադադարի ռեժիմի խախտումներին քաղաքացիական հասարակության վերահսկողության վերաբերյալ հասարակական լսումների ընթացքում, որպես փորձագետ հանդես եկած Ադրբեջանի սահմանամերձ Ղազախ քաղաքի բնակիչ, «Ղազախի շրջանի ռեգիոնալ ռեսուսների զարգացում» հ/կ ներկայացուցիչ Մահրամ Թոյուշ օղլուն հայտարարեց. « Մենք արդեն 24 տարի ապրում ենք հայ-ադրբեջանական հակամարտության գոտում: Այդ հակամարտությունը մեր ժողովուրդներին մեծ վերքեր է պատճառել եւ նրանց միջեւ անջրպետներ, հոգեբանական պատնեշներ ստեղծել: Արդեն 18 տարի հակամարտող կողմերի միջեւ հրադադարի ռեժիմ է գործում, սակայն, ցավոք, դրա պայմանավորվածությունը խախտվում է: Ինձ շատ հետաքրքիր է, թե հրադադարի ռեժիմի խախտումները ո՞ւմ են ձեռնտու՝ Ադրբեջանի՞ն, Հայաստանի՞ն, թե՞ երրորդ կողմին: Ես, որպես ադրբեջանցի, կարող եմ ասել, որ հրադադարի ռեժիմի խախտումը ձեռնտու չէ Ադրբեջանին, գիտեմ, որ դա ձեռնտու չէ Հայաստանին: Քանզի դա նշանակում է արյուն, մահ եւ ավերածություններ: Քաղաքացիական հասարակությունը ինչպե՞ս կարող է ազդել հրադադարի ռեժիմի պահպանման վրա, որքան գիտեմ, Ադրբեջանում եւ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն այնքան էլ ուժեղ չէ, քաղաքացիական հասարակությունն այդ գործընթացից լիովին մեկուսացած է եւ ամբողջովին գտնվում է պետության վերահսկողության տակ»: Այնուամենայնիվ, Ղազախի հ/կ ներկայացուցիչը կարծում է, որ պետք է ստեղծվի հրադադարի ռեժիմի վերահսկողության գործում քաղաքացիական հասարակության մասնակցության ինչ-որ ձեւաչափ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ