Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքն` ամբողջությամբ

Հունիս 18,2012 16:55
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Կառավարության անդամներին ողջունել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Գործադիրի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքն ամբողջությամբ ներկայացվում է ստորև.

«Մեծարգո Նախագահ, հարգելի գործընկերներ,

Մինչև ծրագրի հակիրճ ներկայացումը առաջին հերթին ցանկանում եմ նորանաշնակ կառավարության անդամների և իմ անունից շնորհակալություն հայտնել Հանրապետության Նախագահին բարձր վստահության համար և հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք, պարոն Նախագահ, Ձեր վստահությունը և մեր ժողովրդի սպասելիքները:

Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված, նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: Կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն հնարավորությունները: Վերջին մարտահրավերները մեզ ստիպեցին նախ և առաջ ամրապնդել այդ հնարավորությունների ամրապնդման համար պետականության հիմքերը:

Այժմ շեշտադրելու ենք մեր գործողությունների արդեն իսկ ակնառու երկրորդ ուղղությունը` պետական ինստիտուների հնարավորություններն ուղղելու մարդուն, հասարակության յուրաքանչյուր անդամին:

Վերջին տարիները մեր պետության համար նոր մարտահրավերների և բարդ փորձությունների հաղթահարման ժամանակաշրջան էր: Այդ ընթացքում մենք կարողացանք՝

          – էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածության և անհանդուրժողականության դրսևորումները,

          – երկրի բնականոն կյանքը զերծ պահել մեր հարևանությամբ ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված ցնցումներից,

        – բանակաշինությամբ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ ապահովել մեր երկրի անվտանգությունը՝ ամրապնդելով մեր կողմից պարտադրված խաղաղության երաշխիքները,

        – մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տնտեսական հետևանքները և ձևավորել ավելի տարազանված (դիվերսիֆիկացված) տնտեսություն,

        – ֆինանսատնտեսական ճգնաժամի սուղ պայմաններում բարձրացնել սոցիալական նպաստները, թոշակներն ու աշխատավարձերը՝ մեղմելով ճգնաժամի սոցիալական հետևանքները,

        – էապես բարձրացնել ԱՊՀ-ի տարածքում գործընկերների հետ հարաբերությունների մակարդակն ու լրջորեն ընդլայնել համագործակցության դաշտը,

        – Եվրամիության հետ սկսել խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունները,

        – զգալիորեն հեշտացնել պետության կողմից անձանց մատուցվող բազմաթիվ ծառայությունների ստացումը:

2008 թվականին մենք նախաձեռնեցինք լայնամասշտաբ բարեփոխումների նոր փուլ, որը ներառում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները: Արտաքին մարտահրավերների բացասական հետևանքների հաղթահարումը մեզանից խլեց զգալի ռեսուրսներ, որի արդյունքում բարեփոխումների մի մասը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին: Այժմ մեր խնդիրն է բարեփոխումների առաջին արդյունքները ձևափոխել կայուն և հարատև ինստիտուցիոնալ հարաբերությունների, դրանք դարձնել բոլորի համար շոշափելի և տեսանելի: Յուրաքանչյուր ոք պետք է տեսնի և զգա կառավարության կողմից իրականացվող փոփոխությունների արդյունքները: Յուրաքանչյուր ոք պետք է ունենա ինքնադրսևորման և ինքնաիրացման բոլոր հնարավորությունները:

 Կառավարության ծրագիրը հիմնված է լինելու հետևյալ 3 գերակայությունների վրա՝

 

Գերակայություն 1. Տնտեսության մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման:

Այդ առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝

–      բիզնես և ներդրումային միջավայրերի շարունակական բարելավում,

–      նորարարական տեխնոլոգիաների ներգրավվածության ընդլայնում,

–      հավասար մրցակցային պայմանների ապահովում՝ բոլորի համար,

–      տնտեսության տարազանման ապահովում` տնտեսության կառուցվածքում  արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով,

–      տարածքային համաչափ զարգացում` Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով,

–         տնտեսական աճին միտված և պետական-մասնավոր սերտ գործընկերության վրա հիմնված հասանելի, կայուն, մատչելի, արտադրական ենթակառուցվածքների զարգացում,

–                    գյուղատնտեսության արդիականացում և ագրոբիզնեսի զարգացմանն օժանդակում,

–         գործարարների և քաղաքացիների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, մատչելիության, ֆինանսական գործիքների բազմազանության ապահովում,

–      զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, մասնավորապես, նպատակաուղղված արդյունաբերական քաղաքակա­նության վարման միջոցով, ինչը թույլ կտա կրճատել Հայաստանի և զարգացած երկրների բնակչության եկամուտների միջև տարբերությունը,

–      միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով Հայաստանի տնտեսական գործընկերության ընդլայնում, արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարա­վորությունների մեծացում` հատկապես կարևորելով ԱՊՀ և Եվրամիություն գործընկերությունը,

– հնարավոր արտաքին շոկերի նկատմամբ տնտեսության դիմադրողականության բարձրացում,

– երկրի տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացում։

                                                                                  

Գերակայություն 2. Մարդկային կապիտալի զարգացում:

 

Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝

–         որակյալ կրթական, առողջապահական և մշակութային ծառայությունների մատչելիության ապահովում,

–         աղքատություն և անհավասարություն ծնող պատճառների վերացում՝ սոցիալապես խոցելի և աշխատունակ խավերի համար կրթության և աշխատանքի հասանելիության ապահովման միջոցով,

–         նպաստավոր պայմանների ստեղծում՝ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրու­թյան ու զարգացման համար,

–         հասարակության միջին խավի ընդլայնում` որպես մարդկային կապիտալի զարգացման հուսալի հենք,

–         հասարակության սոցիալապես խոցելի և սահմանափակ կարողություններով խմբերին ծառայությունների թիրախային մատուցում,

–         արժանապատիվ ծերության ապահովում՝ հասարակության յուրաքանչյուր անդամի համար,

–         աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի, ինքնաիրացման պայմանների առկայության և արդարության ապահովում՝ որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ միջոց,

–         մարդու և բնության ներդաշնակ զարգացում,

–         սփյուռքի ներգրավվածության մեծացում՝ մարդկային կապիտալի զարգացման գործընթացում։

 

Գերակայություն 3. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝

– հանրային ինստիտուտների ամրապնդում` մարդկային կապիտալի զարգացման, տարբեր ինստիտուտների ներքին և արտաքին փոխգործունեության կանոնակարգման, դրանց գործառույթների կրկնօրինակման բացառման, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ դինամիկ համագործակցության միջոցով,

պետական կառավարման համակարգում «խաղի կանոններ սահմանելու և որակյալ ծառայություններ մատուցելու» սկզբունքի գերակայության ապահովում,

հասարակության մեջ արմատավորված արատի` կոռուպցիա ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի «կանխարգելիչ» մոտեցման գերակայությունը,

– պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության յուրաքանչյուր անդամի վստահության բարձրացման ապահովում` հաշվետվողականության, թափանցիկության և պատասխանատվության բարձրացմամբ,

           – պետական կառավարման համակարգում մասնագիտական որակների պահանջների բարձրացում և որակյալ մասնագետների ներգրավման հստակ մեխանիզմների ստեղծում,

այնպիսի հարկային, մաքսային և մրցակցության պաշտպանության համա­կարգերի ձևավորում, որի պայմաններում Հայաստանի Հանրապետության օրենս­դրությունը հավասարաչափ և անվերապահորեն կկիրառվի բոլոր տնտեսա­վարողների նկատմամբ:

Թույլ համաշխարհային պահանջարկը և արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Առաջիկա հինգ տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային դերակատարում։ Կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված  և արդյունավետ օգտագործում: Կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝

– զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով,

– ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,

– նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,

– նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,

– ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի:

– 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,

– միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,

– աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,

– 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,

– պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 – 0.4 տոկոսային կետի չափով:

Այս բոլոր միջոցառումները և թիրախային ցուցանիշները հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության, բոլոր նախարարությունների և գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքների և հաշվարկների վրա: Համոզված եմ` մեր համախմբված աշխատանքով այդ բոլոր ցուցանիշները լինելու են իրատեսական: Շնորհակալություն»: 

ՀՀ կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:        

Նիստում ընդունվել է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության վերաբերյալ որոշումը: Որոշման համաձայն` կառավարությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

ՀՀ ԿԱՐԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930