ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին և զուգահեռաբար ներկայացրել սեփական պատկերացումները պետական կառավարման, հասարակական հարաբերությունների, իրավական համակարգի, բարոյականության ու արդարադատության մասին։
«Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու,– գրել է Փաշինյանը, ապա ավելացրել,– կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած եւ այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: … Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է: Որովհետեւ քննարկել հարցը՝ սարքովի է մեղադրանքը, թե ոչ՝ նշանակում է Օսկանյանին քննարկել Սահմանադրության եւ օրինականության դաշտում»:
Փաստորեն, սահմանադրական և օրինական դաշտից դուրս Նիկոլ Փաշինյանի համար արդարադատության իրականացման համար այլ ինստիտուտ ևս կա, որը կիրառելի է առանձին դեպքերում։ Մի շարք այլ ուշագրավ մտքեր էլ է նա հայտնել, որոնց արժե տալ նախ քաղաքագիտական, ապա քաղաքական գնահատական։
Կարդացեք նաև
Սոցիալ–դարվինիզմից մինչև բոլշևիզմ ու նացիզմ
Պետությունների առաջացման ու զարգացման պատմության ընթացքում հասարակական հարաբերությունները, մեծ հաշվով, կարգավորվել են երկու տարբերակով՝ կա՛մ քաղաքական սուբյեկտիվիզմի(նպատակահարմարության), կա՛մ իրավունքի և օրենքի գերակայության սկզբունքով։
Հին ժամանակներում քաղաքական սուբյեկտիվիզմը դրսևորվում էր միապետական համակարգով, իսկ ժամանակակից աշխարհում քաղաքական սուբյեկտիվիզմը հատուկ է ավտորիտար ու տոտալիտարռեժիմներին։
Ներկայիս քաղաքակիրթ աշխարհը շատ դաժան փորձությունների, արյունալի հեղափոխությունների և ռեֆորմացիաների միջոցով է անցել մինչև որ հասել է համամարդկային համարվող ժողովրդավարական արժեքներին։ Հռչակվել են մարդու բնական իրավունքները և իշխանության ճյուղերի տարանջատումը (Լոկկ, Մոնտեսքյո)։
Փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակության և իրավական պետության այլընտրանքըջունգլիներին հատուկ խաղի կանոններն են, որոնք մանրամասնորեն նկարագրված են Չարլզ Դարվինի և Հերբերտ Սփենսերի աշխատություններում։
Սոցիալ–դարվինիզմի պարագայում հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքով, այլ ուժեղները (իշխանություն և ազդեցության լծակներ ունեցողները) խժռում են թույլերին և առաջնորդվումքաղաքական նպատակահարմարությամբ կամ այլ կերպ ասած՝ «քաղաքական ճշտով»։
Իրենց ուրույն «քաղաքական ճիշտն» ունեին բոլշևիկները, ովքեր փտած ցարական Ռուսաստանում իշխանությունը տապալելուց հետո անձնական դատավճիռ կայացրեցին Նիկոլայ միապետի ու նրա ընտանիքի անդամների, ապա նաև միլիոնավոր մարդկանց նկատմամբ։
Բոլշևիկներն, ինչպես հայտնի է, ոգեշնչված էին Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներ Ռոբեսպիերիցև Մարատից, ովքեր արդարության համար պայքարը պատկերացնում էին ապօրինի ռեպրեսիաների միջոցով։ Ֆրանսիայում այն օրերին գլխատվեցին միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ Ռոբեսպիերը։ Իսկ Մարատը, ով ելույթներ էր ունենում, պահանջելով հազարավոր գլուխներ, ի վերջո դանակահարվեց մեկ այլ քաղաքական խմբավորմանը հարող մոլեռանդուհու կողմից, այսինքն՝ դարձավ հակառակորդների անձնական դատավճռիզոհը. նրանք էլ իրե՛նց պատկերացումներն ունեին «ցպահանջ արդարադատության» մասին։
Սովետական «տրոյկաները», ֆրանսիական հեղափոխության տրիբունալների պես, շատ արագ որոշումներ էին կայացնում և մարդկանց դատապարտում մահվան՝ թքելով անմեղության կանխավարկածի վրա և առաջնորդվելով արդարադատության ոչ ստանդարտ մոտեցումներով։ Համայնավարները կարծում էին, որ իրենք պետք է ցարականներին, կադետներին, մենշևիկներին և այլոց ոչնչացնեն ոչ թե կատարած հանցանքի, այլ միջազգային մակարդակով պրոլետարիատի հաղթանակ ապահովելու վեհ նպատակով, այսինքն՝ «քաղաքական ճշտից»ելնելով։
Մասնավոր սեփականության իրավունքի անտեսումն ու կուլակաթափությունն էլ էին արդարադատության բոլշևիկյան պատկերացումների շրջանակներում արվում։ Իսկ թե ինչպես ավարտվեց Տրոցկու, Լենինի, Սվերդլովի, Ստալինի, Յեժովի, Յեգոդայի, Բերիայի և մյուսների կազմակերպած «կարմիր տեռորի» ու գուլագների միջոցով «արդարադատություն» հաստատած «չարիքի կայսրության» պատմությունը, բոլորս գիտենք։
Քաղաքական սուբյեկտիվիզմով, այլ ոչ թե մարդու բնական իրավունքով էր առաջնորդվում նաև Հիտլերը։ Նա համարում էր, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո նվաստացած վիճակում հայտնված գերմանացիները պետք է արիական ազգին հատուկ անձնական դատավճիռ կայացնեն հրեաների և մյուս ցածր կարգի ազգերի նկատմամբ։ Դա, ըստ նացիստների, կլիներ պատմական արդարության հաստատում։ Համակենտրոնացման ճամբարներում կալանավորներին փորձարարական ճագարի վերածելը և հետո սպանելը, Հիտլերի և իր կողմնակիցների խորին համոզմամբ, ոչ միայն հակաիրավական ու հակամարդկային չէր, այլ ամբողջությամբ տեղավորվում էր ոչ ստանդարտ արդարադատության շրջանակներում։
Անդրադառնալով Փաշինյանի պատկերացրած «ցպահանջ արդարադատությանը»՝ պետք է նկատել, որ այն իրենից ներկայացնում է դասական բոլշևիզմ, երբ կարևորը ոչ թե իրավունքն է և օրենքը, այլ քաղաքական հաշվարկն ու նպատակահարմարությունը՝ «քաղաքական ճիշտը», որի պայմաններում այսօրվա ապօրինություններն արդարացվում են դրանց իբր թե ժամանակավոր բնույթով (մինչև բոլորին վերացնելն ու երկիրը «կարգի» բերելը) և վաղվա պայծառ ապագան կառուցելու ցանկությամբ։
Պարզվում է, որ Նիկոլի համար ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հաստատված դաշտից դուրս կա մեկ այլ ճշմարտություն, որի օգնությամբ նա ուզում է դատված և ազատազրկված տեսնել մարտի 1–ին ասուլիս տվածՎարդան Օսկանյանին, բայց ոչ թե այդ ասուլիսի կամ իր պատկերացրած այլ հրեշավոր մեղքերի, այլ իշխանության ներկայացրած թեկուզ շինծու մեղադրանքի համար։
«2008 թվականի Մարտի 1-ի հայտնի ասուլիսով Օսկանյանն ինքն իրեն դուրս է դրել Սահմանադրությունից եւ օրենքներից, եւ ամեն ինչ կանեմ, որ նա զգա օրենքից դուրս գտնվողի կարգավիճակի ծանրությունը»,– ինքն իրեն օրենքից դուրս, ավելի ճիշտ՝ օրենքից վեր պատկերացնելով և բոլշևիկյան հռետորաբանություն օգտագործելով հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Եվ այս մարդը պայքարում է Հայաստանում արևմտյան ստանդարտներով շուկայական տնտեսություն, ժողովրդավարություն և քաղաքացիական արժեքներ հաստատելու համա՞ր։
Փաշինյանական արդարադատության առանձնահատկությունները
Դատելով Փաշինյանի գրածներից՝ նրա պատկերացրած Հայաստանն արյան բաղնիքի վերածված մի երկիր պետք է լինի, որտեղ արդարադատության հիմքում իրենց քաղաքական սրբերի տեղ դրածների անձնական մեղադրանքը և անձնական դատավճիռն է։ Դատարաններն, ըստ մերօրյա Մարատի, պետք է առաջնորդվեն ոչ թե օրենքով, այլ «քաղաքական ճշտով» և ընթացիկ կոնյունկտուրայով։ Ցավոք, շատ դեպքերում մեզանում հենց այդպիսին է իրավակիրառական պրակտիկան, բայց փոխարենն այն քննադատելու՝ Նիկոլը գաղափարապես հիմնավորում է դրա գոյության անհրաժեշտությունը՝ անունը դնելով «արդարադատության ոչ ստանդարտ մոտեցումներ»։
Նկատենք, որ «քաղաքական ճշտից» ելնելով՝ ԱԺ նորաթուխ պատգամավորը, կամա թե ակամա,արդարադատության քայլող մարմնավորում է ներկայացնում Սերժ Սարգսյանին և դրական գնահատում նրա՝ Օսկանյանի հարցերն անօրինական ձևով լուծելու ծրագիրն ու պատրաստակամություն հայտնում օժանդակել այդ գործին։ Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը Օսկանյանի հարցում համախոհներ են, և ոչ միայն Օսկանյանի հարցում։
Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը ստանձնել է Սերժ Սարգսյանի պոտենցիալ մրցակիցներից մեկին ընդդիմադիր դիրքերից քննադատողի և հասարակական կարծիք ձևավորողի ֆունկցիան։
Չգիտեմ գիտակցում է Նիկոլը, թե ոչ, բայց իր այս տեսակետներով ամբողջությամբ արդարացնում է իշխանությունների արածը 2008–ի մարտի 1–ին, ինչպես նաև փայլուն կերպով հիմնավորում է, թե ինչու էին ինքն ու իր կողմնակիցները կալանավորվել, իսկ հարյուրավոր մարդիկ՝ բռնության ենթարկվել։ Սերժ Սարգսյանն, այսպիսով, Նիկոլի միջոցով լեգիտիմացվեց, որովհետև վերջինիս օգտագործած բանաձևերը հնարավորություն են տալիս նախագահին ասելու, որ ինքը տասը զոհերի գնով Բաղրամյան 26–ում հայտնվելով՝ փրկել է Հայաստանը անարխիայի և «սամասուդի» ձգտող ուժերից։ Նման նվեր իշխանությունները, թերևս, չէին սպասում կամ էլ սպասում էին, ո՞վ գիտե։
Դատե՛ք ինքներդ. եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ անգամ ծայրից ծայր սարքովի մեղադրանքովՕսկանյանին կալանավորելը ճիշտ է, քանզի նա կեղծիքներով տեղի ունեցած ընտրություն կազմակերպողների թիմից է եղել ու մարտի 1–ին ասուլիս տվել, ապա Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը այդ նույն տրամաբանությամբ կարող են հայտարարել, որ 1994–ին դաշնակցականներին կալանավորած, 1995–ին ԱԺ ընտրությունները կեղծած, իսկ 1996–ի նախագահական ընտրություններից հետո քաղաք տանկեր մտցրած ու քաղաքական հակառակորդներին բանտերում խոշտանգած գործիչներին իշխանություն չհանձնելը և շինծու մեղադրանքներով հետապնդումների ենթարկելը արդարադատության իրականացման ոչ ստանդարտ մոտեցում և ոչ ստանդարտ ջանք էր։
«Մարտի 1»–ի շնորհիվ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի«քաղաքական ճշտին», կարող է հիմա հայտարարել, թե երկրում քաղբանտարկյալներ չեն եղել և իրենք, օրինակ, 2008–ին Մուշեղ Սաղաթելյանին կեղծ մեղադրանքներով կալանավորելով՝ իրականում անձնական դատավճռով պատժել են նրան՝ 1996–ին մի քանի ԱԺՄ–ականների ուշագնացության աստիճանի ծեծի ենթարկելու համար։
Եթե «սամասուդի» տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Հայաստանում հազարավոր մարդկանց պետք է գնդակահարել, տասնյակ հազարավորներին բանտարկել, իսկ մնացածներին էլ ինկվիզիցիայի ենթարկել՝ պարզելու համար նրանց կապը առաջին երկու խմբերում հայտնվածների հետ։ման աշխարհայացք ունենալու պարագայում՝ Նիկոլն ինչու՞ է ուրեմն բողոքում, որ 2008–ի ընտրություններից հետո ինքն ու իր համախոհները հայտնվել են քաղբանտարկյալի կարգավիճակում։ Չէ՞ որ ահագին մարդիկ կային ու հիմա էլ կան, որ գտնում են, թե պետք է Լևոն Տեր–Պետրոսյանի թիմին առանց դատ ու դատաստանի գնդակահարել կամ առնվազն բանտարկել։ Բայց, իմ հաստատ համոզմամբ, դա դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է։
Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի սիրած սկզբունքը հայտնի ֆիլմի հերոս Գլեբ Ժիգլովի՝ «Вор должен сидеть в тюрме, и неважно каким образом я его туда посажу» խոսքերն են։ Այստեղ էլ է երևում Նիկոլի՝ իրավունքի և օրենքի փոխարեն «քաղաքական ճշտին» նախապատվություն տալու հակվածությունը։ Եթե օրենքը գործելու կամ չի գործելու կոնկրետ անձերով պայմանավորված, ապա դատավորներն ովքե՞ր են։
Նիկոլ Փաշինյանն անչափ բարկացած է Վարդան Օսկանյանի վրա և ցանկանում է բանտում տեսնել նրան, քանի որ (ինչպիսի՜ մեղք) նախկին արտգործնախարարն ասուլիս է հրավիրել 2008–ի մարտի 1–ին և կոչ արել ընդդիմությանը նստել իշխանության հետ երկխոսության։
Երկխոսության Նիկոլն, իհարկե, մասնակցեց, բայց երեք տարի անց և այլ իշխանության հետ։ Այն օրերին արված երկխոսության առաջարկը, հավանաբար, անչափ հանցավոր է թվացել նրան ու Սերժ Սարգսյանի հետ«երկխոսության» արդյունքում ազատ արձակված Փաշինյանը որոշել է երբեք չներել Օսկանյանին։
Այժմ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործով ձայնակցելով Տիգրան Սարգսյանին, Էդուարդ Շարմազանովին, Արտաշես Գեղամյանին և Գալուստ Սահակյանին՝ Նիկոլ Փաշինյանը, թերևս, առաջնորդվում է «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով կամ, որ ավելի մոտ է իրականությանը, Փաշինյանը, ինչ ինչ հանգամանքներով պայմանավորված, ընտրություն է կատարել Սերժ Սարգսյանի դաշտում խաղալու օգտին։ Ասել է թե՝ Նիկոլի պայքարը ոչ թե սկզբունքների, այլ անձերի մակարդակով է, իսկ եթե սկզբունքներ էլ կան, ապա դրանք որևէ կապ չունեն ժողովրդավարության կամ իրավական պետության կառուցման հետ։ Կա «քաղաքական ճիշտ» և քաղաքական նպատակահարմարություն, և դրանցից ելնելով էլ մեր նորաթուխ պատգամավորը գործում է։
Ի դեպ, նմանատիպ որոշում մի ժամանակ կայացրել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և Սերժ Սարգսյանի մյուս մանր ու միջին հաճախորդները։
2003–ին Արտաշես Գեղամյանը, իսկ 2008–ին Արթուր Բաղդասարյանը ընտրություն կատարեցին ի օգուտ իշխանության հետ համագործակցության, քանի որ իրենց կարիերան շարունակելու այլ տարբերակ չտեսան։ Գեղամյանն ու Բաղդասարյանը մանկուց չէին երազել «ժողգործիքի» վերածվել։ Այդպես ստացվեց։
. . .
Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում դրական փոփոխությունների հասնելու համար մեզ անհրաժեշտ էհասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա և ազգային համաձայնության կառավարություն։Չհասկանալ սա և ծափ տալ իշխանության ապօրինությանը՝ թաքնվելով հեղափոխական կեղծ հռետորաբանության տակ, լավագույն դեպքում քաղաքական անմեղսունակություն է։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.: Իր հոդվածում Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել ինձ՝ փորձելով պարզել, թե ինչու՞ իմ անունը տեղ չգտավ ԲՀԿ համամասնական ցուցակում, չնայած վերլուծաբանները, ԲՀԿ-ի աղբյուրները ինձհամար տեղ էին կանխատեսում կուսակցության ցուցակի առաջին տասնյակում:
Հետաքրքրական է, որ հարցը տալով հանդերձ Նիկոլը պատասխանն էլ ունի, ըստ որի. «Բոլորը գիտեն, որ կանխատեսումը չիրականացավ, որովհետեւ Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակը կազմողին արգելեց Թեւանյանին տեղ հատկացնել: Ասել է, թե Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակ կազմողին կարող է նաեւ բան թույլատրել եւ արգելել»։
Նկատենք, որ կրկին առաջ է քաշվում այն թեզը, թե Սերժ Սարգսյանն ամենակարող է, և ԲՀԿ–ն ամբողջությամբ ենթարկվում է նրան։ Թե ում է ձեռնտու նման PR–ը, թողնեմ ընթերցողների դատին։
Փաշինյանը համոզված է, որ ԲՀԿ–ն ինքնուրույն որոշում կայացնող չէ, իսկ ահա ինքը լրիվ ինքնուրույն է, քանի որՍերժ Սարգսյանը չի կարող իրեն բան թույլատրել կամ արգելել, չնայած շատ երկար ժամանակ երազել է այդ մասին:
Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ թույլատրել է ազատության մեջ հայտնվել Նիկոլ Փաշինյանին՝առաջնորդվելով տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությամբ։
Ինչ վերաբերում է իմ՝ ԲՀԿ–ի ցուցակում տեղ ունենալ–չունենալուն, ապա նշեմ հետևյալը. ենթադրենք Փաշինյանի աղբյուրները ճիշտ են ասել իրեն, և ես Սարգսյանի ճնշումների արդյունքում չեմ հայտնվել ԲՀԿ–ի ցուցակում, և ի՞նչ։ Ըստ իս՝ դա ցույց է տալիս, որ նախագահական նստավայրում մտահոգված են եղել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմում հայտնվելով՝ ես խնդիրներ կառաջացնեմ իրենց համար, իսկ ահա նույն նախագահականում մտահոգված չեն եղել, որ Նիկոլ Փաշինյանին կալանավայրից բաց թողնելով իրենք գլխացավանքի մեջ են հայտնվելու։
Փաշինյանն ազատ արձակվեց ՀԱԿ–իշխանություն «երկխոսության» շրջանում։ Իսկ «երկխոսությունը» մի գործընթաց էր, որն ամբողջությամբ ձեռնտու էր Սերժ Սարգսյանին և որին Նիկոլը երկու ձեռքով կողմ էր։ Նա սկսեց ՀԱԿ–ից տարանջատվելու գործընթացը ճիշտ այն պահից, երբ դադարեցվեց «երկխոսությունը» և երբԼևոն Տեր–Պետրոսյանը հանդես եկավ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի կարգախոսով»։
Այժմ Նիկոլ Փաշինյանը կողմ է Սերժ Սարգսյանի հակաօսկանյանական գծին։ Կապ չունի, թե ինչ մոտիվացիայով։ Փաստն այն է, որ երկուսն էլ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում «փողերի լվացման» գործում և երկուսն էլ կողմ են քրեական հետապնդմանը, ընդ որում՝ Փաշինյանն ավելի ռադիկալ դիրքերից։ Եվ ինչու՞ պետք է ՀՀԿ ղեկավարն անազատության մեջ պահեր նրան։ «Քաղաքական ճշտի» ու նպատակահարմարության տեսակետից ամեն ինչ շատ տրամաբանական ու փոխշահավետ է։
7or.am