Aravot.am-ը հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ պարոն Մինասյանը վարկաբեկիչ չի՞ համարում ՀՀԿ-ի համար այն, որ այդ ուժը քաղաքականություն է վերադարձնում մի քաղաքական գործչի՝ հանձին Գագիկ Բեգլարյանի, ում հետ կապված տհաճ միջադեպը հանրային բուռն քննարկման առիթ դարձավ: Մ. Մինասյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ սխալվելու իրավունք ունի: «Ալքիմիկոսում» նշված է, որ այն մարդը, որը մեկ անգամ սխալվել է, պարտադիր չէ, որ երկրորդ անգամ սխալվի: Բայց այն մարդը, ով երկրորդ անգամ է սխալվել, երրորդը շատ հավանական է: Բոլոր մարդիկ հնարավոր է, որ սխալվեն: Իսկ Գագիկ Բեգլարյանի հետ կապվածը ընդամենը կենցաղային հողի վրա դեպք էր: Մարդուն, ով հսկայական ճանապարհ է անցել, ընտրվել է Երևանի քաղաքապետ ազգաբնակչության կողմից, հնարավորություն չտա՞լ, որ իր անցած ճանապարհի ընթացքում ձեռք բերած հմտությունները օգտագործի, իմ կարծիքով սխալ է»:
Պարոն Մինասյանը հորդորում է մեր քաղաքական գործիչներին գորովանքով նայել և հավելում. «Վստահ եմ, որ Գագիկ Բեգլարյանի փորձը, հմտությունները, բնավորությունը, էությունը, կապերը, հաստատ թույլ կտան, որ նա ավելի արդյունավետ դարձնի տրանսպորտի և ինժեներական կոմունիկացիաների գծով տարվող աշխատանքները հանրապետությունում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ