Լրահոս
Օրվա լրահոսը

3-եւ 4 երեխա ունեցողները միլիոնատեր կդառնան, մինչեւ 10 տարեկաններն էլ՝ կբուժվեն անվճար

Հունիս 18,2012 15:51

Յուրաքանչյուր 3-րդ եւ 4-րդ երեխա ունենալու դեպքում՝ 1 միլիոն դրամ: 5 եւ դրանից հետո յուրաքանչյուր երեխայի դեպքում` 1,5 միլիոն դրամ: Նվազագույն աշխատավարձը կկրկնապատկվի, իսկ սրտի անհետաձգելի վիրահատությունը` ցանկացած քաղաքացու համար, երաշխավորելու է պետությունը: Մինչեւ 10 տարեկան երեխաների բուժօգնությունն էլ կլինի անվճար: Այսպիսի խոստումներ է տալիս ՀՀ կառավարությունն իր այսօր հրապարակած նոր ծրագրում:
ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ծրագրերի հիմնական դրույթները համադրելով, կառավարությունը մտադիր է 100 հազարից ավելի աշխատատեղեր ստեղծել, պետական եկամուտների հավաքագրման հաշվին համախառն ներքին արդյունքը տարեկան 0.3 – 0.4 %-ով ավելացնել, աղքատությունն էլ՝ 8-10 %-ով կրճատել:

Ֆինանսատնտեսական ճգնաժամի տնտեսական հետեւանքները վերացնելու համար, կառավարությունը որոշել է տարազանված (դիվերսիֆիկացված) տնտեսություն վարել, բայց թե ինչպես՝ ծրագրում այդ մասին ոչինչ չի խոսվում:
Կառավարությունը պատրաստակամ է` « ֆինանսատնտեսական ճգնաժամի սուղ պայմաններում» բարձրացնել սոցիալական նպաստները, թոշակներն ու աշխատավարձերը: Երկրի տնտեսական վիճակը բարելավվելու համար էլ՝ Եվրամիության հետ սկսել ազատ առեւտուր:

Կառավարությունը եկել է այն համոզման, որ տնտեսության զարգացման համար տնտեսական աճի հայեցակարգից պետք է անցնենք տնտեսական զարգացման հայեցակարգին, քանի որ՝ «տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը դեռեւս բավարար չէ մրցունակ տնտեսություն ունենալու համար»: Ըստ կառավարության պատասխանատուների, «տնտեսական աճը մեր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները չի կարող լուծել, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների արտադրության եւ նոր ծառայությունների մատուցման վրա, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային շուկաներում»:
Որպեսզի կրճատվի Հայաստանի եւ զարգացած երկրների բնակչության եկամուտների միջեւ տարբերությունը, կառավարությունը այսօրվանից սկսած արդյունաբերությունն է զարգացնելու, բոլոր տնտեսվարողների նկատմամբ էլ հավասարաչափ` հարկային, մաքսային եւ մրցակցության պաշտպանության օրենս­դրություն է կիրառելու:
2012-2017 թթ. կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու պետություն-մասնավոր հատվածի համա­գործակցությունը` նպաստելով հայկական ընկերությունների կայացմանը:
Կառավարությունն իր ծրագրում խոստանում է անհարկի չմիջամտել եւ թոթափել գործարարի բեռը տարատեսակ թղթաբանություններից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930