Այսօր «Հայելի» ակումբում վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը և դասախոս Սուսաննա Աբազյանը խոսեցին այն մասին, թե ի՞նչ բարդություններ ու հակասություններ կան թեստերում:
Վաստակավոր ուսուցչուհին կարծում է, որ քննությունները նախորդ տարիների համեմատ լավ են անցել, շտեմարանի գաղափարը հասարակությանը և ուսուցիչներինն է եղել: Թեստեր գրել ընդունված է աշխարհի բոլոր երկրներում, մեզ մոտ, ըստ Բեատրիչե Ստեփանյանի, դրանք բարեխիղճ եւ դժվար էին, բայց չէին հասել ծայրակետի:
«Միակ դժգոհությունս սա է` ոչ թե հարցերի քանակին պետք է նայել, այլ հարցի գաղափարին: Հարցադրման պակաս կար, սխալները բազմաթիվ էին, կային ծրագրից շեղված հարցեր, երեխաներից ավելին էին պահանջել, քան նրանք ի զորու էին գրել: Ինձ ցավ է պատճառում, որ 400 և ավելի երեխա կտրվել է հայերենից»:
Սուսաննա Աբազյանը շնորհավորեց քննության բարդությունը հաղթահարողներին. «Հայ երեխան պետք է գեղեցիկ հայերեն իմանա և ճիշտ օգտագործի բառապաշարը: Պատվախնդրության զգացումի պակաս և բազմաթիվ բախտորոշ վրիպակներ կային անխնամ կազմված շտեմարաններում: Թեստերի մեջ պետք է դատողական և ստեղծագործական տարրեր լինեն»:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի՝ մենք հայոց լեզվի կրողներն ենք, իսկ շտեմարանը փրկություն չէ հայոց լեզվի ուսուցման ճանապարհին.« Այն լեզվամտածողություն ուսուցանելու աղբյուր չէ…Շտեմարանը երեխային պրպտելու միտք չի տալիս, նրանք անգիր են անում և վերջ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ