Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության աշխատակիցն ու առաքիչը վկայություն տվեցին Հարթունյանի գործով

Հունիս 18,2012 15:40

Արամայիս Սահակյան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (դատավոր՝ Ալեքսանդր Ազարյան) էին այսօր ներկայացել Նարեգ Հարթունյանի, Արթուր Գալստյանի եւ Անի Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործով երկու վկա՝ «Արմենիա» հեռուստաընկերության անվտանգության աշխատակից Արամայիս Սահակյանն ու առաքիչ Դավիթ Գեւորգյանը:

Արամայիս Սահակյանը նախկինում 10 օրով աշխատել է Նարեգ Հարթունյանի «Ցար» կոչվող ընկերության սննդի պահեստում, դարձյալ որպես անվտանգության աշխատակից: Նրա պարտականությունների մեջ է մտել ընկերության աշխատակիցների ելումուտը հսկել, ստուգել բեռնատարների դուրս գալը ընկերությունից: Տարածքը հսկվել է տեսախցիկներով:

Վկան, որը խնդրում էր հարցերը բարձր տալ, քանի որ լավ չէր լսում, ասաց նաեւ, որ ընկերության տարածքում խանութ չի եղել, հետեւաբար, անծանոթ քաղաքացիները չէին կարող այնտեղից առեւտուր անել: Նա նկարագրեց իրենց սննդի տարածքը՝ բետոնե պարսպով եւ փշալարերով:

Առաքիչ Դավիթ Գեւորգյանն էլ ասաց, որ 2011թ.մարտի 14-ից մինչեւ 2012թ. ապրիլ ամիսն աշխատել է ընկերությունում: Նրա խնդիրն էր առաքել ապրանքը «Ռենո» բեռնատարով խանութներ, ցանցեր՝ հաշիվ-ապրանքագրերով: Ըստ վկայի, եղել են դեպքեր, երբ ապրանքն առաքվել է խանութներ, սակայն հաշիվ-ապրանքագիրը հաջորդ օրն է տարվել տվյալ տարածք, քանի որ պատրաստ չի եղել: Դա կապեց ինտերնետի անսարքության հետ նաեւ: Մեղադրողը հենց այդ պատճառով միջնորդեց դատարանին, որ նշված օրվա առթիվ պահանջվի տեղեկանք, արդյոք, կապը խափանված է եղել վկայի նշած օրը: Առաքիչը հիշեց, որ ապրանքը բեռնագրերով են ստացվել:

դատավոր՝ Ալեքսանդր Ազարյան

Այս վկայի ցուցմունքում դատախազը հակասություն տեսավ, այդ իսկ պատճառով հրապարակվեց ցուցմունքը:

Դատարանում վկան ասաց, թե մանրածախ առեւտրի կետ է եղել, իսկ նախաքննության ժամանակ հակառակն էր հայտնել:

Մինչ վկաներին լսելը, դատավորը հրապարակեց այս դատարանում արդեն իսկ վկայություն տված Արսեն Արտաշիսյանի դիմումը:Նա խնդրել էր իրեն լրացուցիչ հարցաքննել, քանի որ, ըստ նրա, դատարանում շփոթված է եղել Նարեգի սպառնալիքներից եւ նրա իսկ բնորոշմամբ՝ մամուլի այն  «Ստահոդ տեղեկություններից, որոնք Նարեգը տարածել է մամուլով իր կողմնակիցների միջոցով»:

Դատարանն այս փուլում այն հետաձգեց, իսկ Արթուր Գալստյանի պաշտպան Հայկ Ալումյանն ավելի հեռուն գնաց՝ առաջարկելով այս վկային դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել:

Հիշեցնենք, որ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության սեփականատեր Նարեգ Հարթունյանը մեղադրվում է 2009թ. օգոստոսից մինչև 2010թ. սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի կողմից, ընկերության հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 25. 278.175 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելուց։

2010թ. սեպտեմբերի 11-ից, հանդիսանալով ընկերության տնօրեն, Նարեգ Հարթունյանը ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի և գրասենյակային գործերի կառավարիչ, իսկ 2011թ. հունվարի 11-ից կազմակերպչական գործերով փոխտնօրեն Անի Մնացականյանի օժանդակությամբ, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ 38.373.127 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց։

Դատական նիստի ավարտին Արթուր Գալստյանը դիմեց դատարանին, որ բժշկվելու նպատակով 10 օրով պիտի մեկնի ծովափ, իսկ Անին ու Նարեգն էլ՝ Արցախ: Հունիսի 27-ին դատարանը կտա իր համաձայնությունը:

Նշենք, որ երեքի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունն է քաղաքից չհեռանալու մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930