«Ես պետք է անեմ այնպես, որ յուրաքանչյուր մարդ ստանա որակյալ բժշկական օգնության հնարավորություն ,եւ այն լինի մատչելի,- այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոստացավ Առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը.- Բոլոր առումներով՝ եւ ֆինանսական, եւ տարածքային եւ մասնագիտական ուղղություններով »:
Նախարարն ասաց, որ աշխատելու է բժշկական պարտադիր ապահովագրման ինստիտուտի ներդրման համար, իսկ մինչ այդ զարգացնելու են կամավոր սկզբունքով ապահովագրությունը:
Պարոն Դումանյանը նաեւ բարձր գնահատեց իրեն նախորդող ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանի աշխատանքը ու ասաց, որ շարունակելու է նրա կիսատ թողած ծրագրերը:
Իսկ ոլորտի զարգացման սեփական ծրագրերի մասին ասաց. «Բոլոր իմ ծրագրերը հիմնված են կառավարության ծրագրերի վրա, բոլոր իմ ծրագրերը հիմնված են Հանրապետական կուսակցության ծրագրերի վրա, եթե այնտեղ որոշակի շտկումներ անելու լինեմ, ես անպայման կդիմեմ կառավարությանը, կհիմնավորեմ, ու եթե ինձ հաջողվի, անպայման դրանք եւս կիրականացնեմ»:
Կարդացեք նաև
Պարոն Դումանյանը նաեւ վստահեցրեց, որ դեղերի ոլորտը վերահսկվելու է խստագույն ձեւով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ