Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսանողները որմնանկարների վերականգնման դասընթաց կանցնեն Իտալացի մասնագետների մոտ

Հունիս 18,2012 15:25

 

ՀՀ մշակույթի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ 2011թ-ի ապրիլի 6-ին ստորագրվել էր «Աջակցություն հայկական հաստատություններին՝ տեղական մշակութային ժառանգության պահպանման եւ ամրակայման համար» տեխնիկական պայմանագիրը: Այսօր, մշակույթի նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշեց, որ կարեւոր հիմնախնդիր է մշակութային ժառանգության պահպանումը եւ արժեւորումը. «Պայմանագրի շրջանակում Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը համագործակցել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանի հետ. ԵՃՇՊՀ-ում անցկացվել են մագիստրոսական դասընթացներ՝ հուշարձանների ճարտարապետական վերականգնման ուղղությամբ»: Փոխնախարարը հավելեց, որ համագործակցությունը ներառում է նաեւ որմնանկարների վերականգնման ուղղությամբ տարվող պրակտիկ դասեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

ԵՃՇՊՀ պրոռեկտոր Վարդգես Եդոյանը նշեց, որ սկզբնական փուլում բուհում դասավանդել է իտալիայից հրավիրված 14 դասախոս. «Դասընթացները նախատեսված են եղել 12 հոգու համար, սակայն ցանկացողները շատ էին, եւ դասերին մասնակցեցին բակալավրի աստիճան ստացած 32 ուսանող: Ծրագիրը ներառել է նյութագիտության, հուշարձանների չափագրման եւ վերականգնման մասին դասախոսություններ»: Պրոռեկտորը հավելեց, որ ավարտողները ստանալու են ԵՃՇՊՀ-ի եւ Միլանի պոլիտեխնիկական համալսարանների դիպլոմներ: «Մշակութային զարգացման հայ-իտալական ծրագրի» ղեկավար, ճարտարապետ Գայանե Կազնատին նկատեց, որ իտալացի դասախոսները գոհ են հայ ուսանողներից. «Հունիսի 28-ից 15 հոգուց բաղկացած ուսանողական խումբը պրակտիկա կանցնի Էրեբունի թանգարանում՝ որմնանկարների հետազոտման եւ պահպանման ուղղությամբ»:

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին նշեց, որ հայ-իտալական ակտիվ համագործակցության արդյունքում, իտալացի մասնագետները կնպաստեն հայ մասնագետների պատրաստվածության բարձրացմանը. «Պատմական ժառանգության վերականգնումը ենթադրում է նաեւ դրա պահպանություն եւ արժեւորում»,-հավելեց դեսպանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930