Չե՞ք կարծում, որ կեղծ մրցակցություն է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ , քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են եւ պետք է ցույց տան, որ նոր ընդդիմություն է ստեղծվում: Այսօր «Նոյան Տապան» մամուլի ակումբում այսպիսի հարց ուղղեցին «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին: Ի պատասխան, քաղաքագետը հավաստիացրեց. «Ես չեմ հասկանում ինչ է նշանակում կեղծ: Ոչ, ես այդպես չեմ մտածում: Մրցակցությունն իրական է, նրանք իսկապես հակամարտում են: Պարոն Ծառուկյանն ունի սեփական հետաքրքրությունները եւ մյուս խաղընկերներից իր հետաքրքրությունները տարբերվում են»:
Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, կառավարության նոր կազմն ընտրությունների հետեւանք է . ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կոալիցիան բերեց կառավարության ձեւավորմանը: Քաղաքագետի կանխատեսմամբ, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն «կոնսենսուսի» չեն գա մինչեւ աշուն եւ հավանաբար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, կամ կգնան փոխհամաձայնության կամ կոալիցիա կկազմեն նախագահական ընտրություններից հետո: Նրա խոսքերով, Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները այդ մրցակցության արդյունք է:
Անդրադառնալով Քլինթոնի այն հայտարարությանը, որ հայ-ադրբեջանական կողմերին նոր փաթեթ է առաջարկվելու եւ հարցին, թե քաղաքագետի կարծիքով , դա իրենից ինչ կներկայացնի, պարոն Իսկանդարյանն ասաց,.«Ոչ մի նոր բան: Ամեն անգամ էլ նա այդպիսի լավատեսական հայտարարություններ է անում, բայց գնան Փարիզ եւ ոչինչ չի լինի: Նոր առաջարկները, կարծում եմ, կվերաբերեն առաջին գծում տեղի ունեցող իրադարձություններին: սակայն ոչ մի փոփոխություն Ադրբեջանի դիրքորոշման մեջ չի լինի»:
Սահմանին տեղի ունեցող միջադեպի առնչությամբ էլ՝ քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանը կրակոցները չի դադարեցնի , քանի որ «նրանք շանտաժի այլ միջոց չունեն»:
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից, որն այսօր կայանալու է Փարիզում, Ալեքսանդր Իսկանդարյանը սպասելիք չունի. «Որեւէ լուրջ տեղաշարժեր այդ հանդիպումը չի բերի»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ