Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղրու Լեհվազ գյուղում երիտասարդները չեն պսակվում տանիք չունենալու պատճառով

Հունիս 18,2012 14:45

Լեհվազը Սյունիքի մարզի այն եզակի գյուղերից է, որտեղ դատարկ ու լքված, վաղուց կողպված ու տարիներ ի վեր անտեր թողնված տների չես հանդիպի:

Մեղրու տարածաշրջանի ամենամեծ գյուղն է Լեհվազը: Այստեղ 172 ծուխ կա` ավելի քան 700 բնակչությամբ: Ի տարբերություն շատ գյուղերի, Լեհվազում արտագաղթ չկա, գյուղը բազմամարդ է: Այստեղ միայն մի խնդիր կա. տները չեն բավականացնում բնակչությանը, ոչ մի ազատ տուն չկա գյուղում, նոր պսակված զույգերն էլ ստիպված ընտանիքի մյուս անդամների հետ են ապրում, շատերն էլ խուսափում են ընտանիք կազմել` սեփական տանիք չունենալու պատճառով:

Լեհվազի գյուղապետ Սասուն Զաքարյանը համոզված է, որ գյուղը զարգացման մեծ ներուժ ունի, միայն թե գյուղում նոր տներ կառուցելու խիստ անհրաժեշտություն կա: «Լեհվազում ազատ տուն չես գտնի, նույնիսկ վարձով ապրողներ էլ կան: Մոտ 30-40 նոր բնակելի տների կառուցման կարիք կա, գյուղի երիտասարդները չեն պսակվում, որովհետեւ տուն չունեն», – ասում է Լեհվազի գյուղապետը եւ հավելում, որ բնակչության որոշ մասն աշխատանքով ապահովված է, Մեղրու ու Ագարակի ձեռնարկություններում է աշխատում:

Լեհվազում բնակչությունը հիմնականում գյուղատնտեսությամբ է զբաղվում, պտղատու այգիները մշակում, նուռ, խաղող, ծիրան, դեղձ, կեռաս եւ այլ տեսակի բերք են հավաքում: Լեհվազցիները ասում են, որ իրենց գյուղում ամեն տեսակի ծառ աճում է, բնակլիմայական պայմանները թույլ են տալիս, սակայն, եղանակն է մեկ-մեկ տհաճ անակնկալներ մատուցում, ինչպես այս տարի՝ կարկուտից որոշ ծառատեսակների բերքն է փչացել:

Լեհվազցի Արտուշ Ալեքսանյանը իր այգիներն ունի, վերջերս տեղացած կարկուտը նրա այգու խաղողին ու նռնենիներին եւս վնաս է հասցրել: «Այգուց բերք ստանալը կախված է բնության քմահաճույքներից: Գյուղի 88 տոկոսն այգին մշակելով է ապրում, հողից միշտ չի, որ չարչարանքիդ արդյունքը ստանում ես: Անցած տարի ո’չ խաղող ունեինք, ո’չ նուռ, կարալյոկ, վերջում էլ ձյունը եկավ ու փչացրեց եղածը: Հողինն էլ էդ ա, անկանխատեսելի, գոնե ամեն մի ընտանիքից 2 հոգի մշտական աշխատանք ունենա, կարողանա լույսի, հացի փողը տա` լավ կլինի», – ասում է 60-ամյա Արտուշ պապը:

Հողից ստացված բերքը Լեհվազում չեն իրացնում, հավաքում են, տարվա վերջին կարտոֆիլի կամ այլ մթերքների հետ փոխանակում, մնացածն էլ իրենց գոյատեւման համար օգտագործում: «Էս պահին հիմնական խնդիրը, որի մասին բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնվում է, աշխատանքի խնդիրն է: Ամեն մի ընտանիքում 5-6 աշխատող ձեռք կա, բայց ոչ մեկը չի աշխատում, չեն էլ ուզում շատ երեխա բերեն: Անձամբ ես 6 թոռ ունեմ, 3-ը մեկինս ա, 3-ը մեկինը, դպրոցական են, պիտի էդ երեխաների ծնողները աշխատեն չ՞է, որ կարողանան պահեն, բայց աշխատանք չունեն, հույսներն էլ դրել են հողի վրա, չգիտեն հողից ինչ սպասեն», – հավելում է լեհվազցի Արտուշ Ալեքսանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930