Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Արտգործնախարարների հանդիպումը ոչ հայանպաստ կերպարի շրջանակներում է

Հունիս 18,2012 14:31

Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանից «Հայելի» ակումբում հետաքրքրվեց, արդյոք ակտիվորեն պատերազմին պատրաստվելու նշաննե՞ր են հունիսի վերջին անցկացվող հատուկ զորավարժությունները, որոնց ընթացքում փորձարկվելու է, թե ինչպես է գործելու Հայաստանի պետական համակարգը պատերազմի ժամանակ: Քաղաքագետի խոսքերով` «Մենք միշտ պետք է նախապատրաստվենք պատերազմի, եւ բոլոր պետությունները միշտ նախապատրաստվում են պատերազմի: Այս վերջին դեպքերն էլ կարող են այդպես էլ 20-ամյակ կամ մի ամբողջ դար ոչ մի արդյունք չտալ: Անկախ ամեն ինչից, մենք թե հոգեբանորեն, թե տնտեսապես, ամեն ինչով պետք է պատրաստ լինենք: Ոչ թե մենք ինչ-որ մի բացառիկ պետություն ենք, դրա համար է այդպես, բոլորն են այդպես: Մեր ազգային մենթալիտետի մեջ խաղաղության այդ կարգի նստվածքը, այնքան էլ չի համապատասխանում ընդհանրապես մեծ պատմական ընթացքին, ժողովուրդների եւ պետությունների վարքին: Պատերազմին բոլորը պատրաստվում են, բոլորը գիտեն, որ կա մրցակցություն՝ թե տնտեսական թե ռազմական: Խաղաղություն հաստատելու լավագույն ձեւը` պատերազմին պատրաստ լինելն է»:

Վերջին շրջանում ադրբեջանական կողմից դիվերսիոն գործողություններն էլ, քաղաքագետը չբացառեց, որ հնարավոր է միջազգային որոշ շրջանակների մասնակցությամբ եւ թելադրանքով լինի` Իրանի շուրջ ծավալված դեպքերի համատեքստում: Մյուս տարբերակն էլ, ըստ Ալեքսանդր Մանասյանի, Ադրբեջանը, Թուրքիայի հետ, մեր ուժերն են փորձում` գտնելու թույլ կողմերը: Քաղաքագետի խոսքերով` «Մեր անելիքները շատ են. 90-ականներից մեզ մոտ ստեղծվել է մի կերպար, որ մենք գրավել ենք ադրբեջանական տարածքները: Առաջին նախագահից եկած այդ մտայնությունը, ցավոք չի հաղթահարվել»:

Պարոն Մանասյանի հիշելով, ընդամենը 2000 թվականին, ՀՀ 2-րդ նախագահը եվրոպական կառույցներում թեթեւակիորեն հնչեցրեց, որ միջազգային իրավունքի տեսակետից ԼՂ-ն երբեք Արդրբեջանի օրինական կազմում չի եղել, բայց դա չխորացվեց. «Մեր պաշտոնական դիվանագիտությունը, հասարակական կառույցները եւ այլն, պետք է փոխի այդ կերպարը: Խնդիրը խեղված է, Ադրբեջանն էլ օգտվում է դրանից: Երկու տասնամյակ է մենք կարգին չենք ընդդիմանում ու կարգին չենք գործում ադրբեջանական քաղաքականության դեմ, ըստ որի, ինքը պատրաստվում է մեր դեմ պատերազմի»:

Իսկ այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ էլ, ըստ Ալեքսանդր Մանասյանի, ոչ մի վճռական, բեկումնային իրադարձություն չի լինի. «Արտգործնախարարները նախապատրաստում են նախագահների հանդիպումները, կամ Մինսկի շրջանակներում` ինչ որ փաստաթղթերի նախապատրաստում: Ամեն ինչ գնալու է այնպես, վերջին զարգացումների քննարկման փուլում, բայց ես ուզում եմ նորից շեշտել՝ անհայանպաստ կերպարի շրջանակներում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930