Այսօր ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին: «Կենգուրուն» Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվում է արդեն 4-րդ անգամ՝ ԿԳ նախարարության աջակցությամբ:
Շնորհավորելով ասուլիսին ներկա 5 հաղթող աշակերտներին՝ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ «Կենգուրուն» կարեւոր նշանակություն ունի կրթության որակի բարելավման գործում. «Դա փաստում է տարեցտարի ավելացող մասնակիցների թիվը: Հետաքրքիր է այն, որ 5 հաղթողներն էլ մարզերից են: «Այբ»-ը կամ նեղացնում է երեւանցիներին, կամ գյուղի օդն ու ջուրը լուրջ դեր են խաղում երեխաների ինտելեկտուալ զարգացման գործում»,-կես կատակ-կես լուրջ ասաց փոխնախարարը:
«Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը փաստեց, որ այս տարի «Կենգուրուին» մասնակցել է շուրջ 6 միլիոն աշակերտ՝ 50 երկրից. «Հայաստանից եւ Արցախից մասնակցել է 905 դպրոցի մոտ 35.000 աշակերտ, որոնցից 456-ը լավագույն արդյունքներն են գրանցել: Շիրակի մարզից 47 դպրոց մարտի 15-ին տեղացած առատ ձյան պատճառով չի կարողացել մրցույթի մասնակցության հայտագիր ստանալ»:
Կարդացեք նաև
Դ. Սահակյանը հավելեց, որ մրցույթի ընթացքում 9 դպրոց «որակազրկվել» է՝ աշակերտների շրջանում արտագրության դեպքեր արձանագրելու պատճառով. «Հուշումը եւ արտագրությունը գողություն են, իսկ մեր երեխաները գողության չպետք է սովորեն»:
«Կենգուրու» մրցույթի հաղթող, Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Եռնա Պետրոսյանը պատրաստվում է մեկնել ֆրանսիական Ամբուազ քաղաք՝ մասնակցելու այնտեղ անցկացվելիք ամառային միջազգային ճամբարին: Էռնան նաեւ 2009թ.-ի «Կենգուրուի» հաղթողն է: Աշակերտուհին նշեց, որ հանգստին զուգահեռ՝ ամառային ճամբարում կազմակերպվում են տարբեր խաղեր եւ մրցույթներ. «Այդ ընթացքում շփվում ենք նաեւ այլ երկրների հաղթող երեխաների հետ, ծանոթանում նրանց երկրին եւ մշակույթին»,-հավելեց Էռնան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ