Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակակից աշխարհում մարդը վախենում է, երբ իր հոգու հետ են խոսում». Դավիթ Մուրադյան

Հունիս 18,2012 15:43

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) հրավերով  հունիսի 17-ին, Ծաղկաձորում մշակույթի մասին դասախոսություն է կարդում գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը:

«Ինչու՞ է պետք մեզ մշակույթը» հարցին Դավիթ Մուրադյանը պարզ, բայց շատ կարեւոր պատասխան է տալիս. «Մշակույթի մեջ է, որ մարդը ձեւավորվում է, որպես անհատ: Մարդուն իր ունեցած իրականությունը քիչ է: Իրականությունն ընդարձակելու համար, մարդն արվեստ է ստեղծում, մշակույթ: Դա ապրելու լրացուցիչ տեղ է: Սեփական ունեցածը ավելացնելու, կրկնապատկելու ցանկություն: Մշակույթը երկարակյաց է պետություններից, ազգերից: Եգիպտացիները չկան, նրանց մշակույթը կա: Այնտեղ, որտեղ վերջանում են կյանքի հնարավորությունները, սկսվում է մշակույթը»:
Նաեւ իր կյանքի փորձը ի մի բերելով՝ գրողն ասում է՝ ոչ մի տեղ մարդն այնքան ազատ չէ, որքան արվեստում, մշակույթում:
«Այն հոգեկան սուվերենություն է տալիս մարդուն: Իրոք ազատ ես, եթե մշակույթի մեջ ես: Նույնիսկ քաղաքական անազատությունների պայմաններում, ազատությունը մշակույթն է տալիս: Սովետում մշակույթը փոխարինում էր կրոնին: Ազատությունից հանում ես մշակույթը, ստանում ես քաոս: Անմշակույթ ազատությունը` նախամարդու ազատությունն է»:
Այնուհետ գրողն անդրադառնում է արդի գրականությանը. «Մեր գրականությունը մեր ազգի պառլամենտն էր: Փոխվեց իրավիճակը: Ամբողջ աշխարհում այլեւս չեք գտնի մի պոետի, որը որեւէ ազգի կամ հասարակության կուլտն է, որի պոեզիան առաջնորդում է հասարակություններին … Լոգոսը իր միստիցիզմը կորցրել է: Մասս -կուլտուրայի առանձնահատկություններից մեկն է: Քանի որ մենք օրը 24 ժամ խոսք ենք լսում …. հեռուստատեսությամբ, ռադիոյով, եւ այլն … Բայց այս վայրերում ամեն ինչի մասին խոսում են՝ բացի մարդկային հոգու հետ խոսելուց: Հիմա արվեստը պետք է մտածի՝ ինչպե՞ս փոխել իր դերը, ֆունկցիան ժամանակակից այս իրողություններում: Եթե, իհարկե, մարդն ուզում է, որ իր հետ խոսեն: Ժամանակակից աշխարհում մարդը նաեւ վախենում է, երբ իր հոգու հետ են խոսում: Գաղտնիք: Մշակույթը պիտի գաղտնիք մնա. կրոսվորդից դրանով է տարբերվում:
Ռացիոնալ էլեմենտը մշակույթ բացատրելու համար բավարար չի: Տիեզերքի պես բան է: Առանց գաղտնիքի չկա մշակույթ»,- ասում է արվեստագետը:
Մշակույթի գնահատման իր դասախոսության մեջ Մուրադյանը խոսում է նաեւ հայոց լեզվի ուժի ու դրա կիրառության, դրան մեծ տեղ տալու անհրաժեշտության մասին.
«Ցանկացած մշակույթի հիմքը իր լեզուն է: Շատ նման է ժողովրդի մշակույթը իր լեզվին: Մենք չենք սնվում մեր ահռելի պաշարներից՝ բարոյական, իմացական, հոգեւոր, որ տալիս է հայոց լեզուն մեզ… Ունիվերսալ, վիթխարի մեծ լեզու է հայերենը: Վահան Տերյանը ահռելի գործ արեց: Տերյանը ստեղծեց 20-րդ դարի հայ մարդու լեզուն: Այն լեզուն, որով մենք այսօր խոսում ենք: Երբ նա այդ լեզվով գրեց, այդ ժամանակ գրեթե ոչ մի հայ այդպես չէր խոսում: Ազգը այդ լեզվով չէր խոսում … հետո սկսեցին իր բանաստեղծություններով սեր բացատրել: Նա ստեղծեց 20-րդ դարի մայրաքաղաքի լեզուն, երբ մենք դեռ չունեինք մայրաքաղաք: Ստեղծեց լեզուն, հետո ստեղծվեց այդ մայրաքաղաքը»:
Մշակույթը այն է, ինչ բնության մեջ չկա, ասում է Մուրադյանը՝ բացատրելով, որ մարդու ստեղծածն է մշակույթը. «Ցորեն կա: Հացն արդեն ստեղծագործություն է»:
Գնահատելով հայկական արվեստն ու մշակույթը՝ Մուրադյանը նշում է, որ «մեր ժողովրդի ապրածի ու մեր ունեցած արվեստի անհամապատասխանություն» կա:
«Սերբական ազգային ճակատագրի եւ Կուստուրիցայի կինոյի համապատասխանությունը ակնհայտ է: Այդ պատճառով մենք ունենք ներքին անբավարարվածություն: Մշակույթը մարդուն իր դժբախտությունների հետ «հաշտեցնող» ուժ է»:

«Բիբլիական իմաստով մենք արեւելյան ժողովուրդ ենք ՝ դեմքը եվրոպական, ճակատին արեւելքի կնճիռներ»-ասում է Դավիթ Մուրադյանը:

 

Սառա Խոջոյան՝ mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930