Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը՝ ՀԱԿ-ին. «Այդպիսի գործելակերպը այդպիսի պատասխանի է արժանի»

Հունիս 18,2012 12:40

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն ասաց, որ երկու օր անց կառավարության ծրագիրը կքննարկվի ԱԺ-ում: Նա ասաց,որ կառավարության նոր ծրագրում մրցունակ պետության խնդիրն է ՝ մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայությունների համակարգ եւ մրցունակ մարդկային կապիտալի համակարգ:

Հարցին, թե առաջիկա տարիներին կարո՞ղ ենք սպասել, որ խոշոր քայլեր կարվեն, Ձեր քննադատները նշում էին, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ոչ մի լուրջ ծրագիր չի իրականացրել՝ նա պատասխանեց. «Եթե չլինեն շուկայական ռիսկեր, ապա մենք պատրաստ ենք ավարտել այն ծրագրերը, որոնք սկսվել եւ չէին ավարտվել, նոր ծրագրերը եւս գալիս են լրացնելու եւ ամփոփելու այդ կիսատ-միսատ ծրագրերը: Աստված մի արասցե, եթե նման խոշոր ճգնաժամ պատուհասի, Հայաստանը պետք է օպերատիվ վերանայի իր գերակա ուղղությունները, որ մարդը առավել նվազ տանի այդ խնդիրների ազդեցությունները»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԺ-ում կա՞ն տնտեսության մեջ գերիշխող դիրք զբաղեցնողներ: Գագիկ Մինասյանը ի պատասխան նշեց այն շաբլոնը, որ պատգամավորները բիզնեսով զբաղվելու իրավունք չունեն: Հաշվի առնելով, որ պարոն Մինասյանը չի պատասխանում հարցին՝ կա՞ն, թե՞ չկան, հարցը հստակեցվեց՝ Սամվել Ալեքսանյանը ինչո՞վ է զբաղվում: Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Օրենքը չի արգելում որեւէ մեկին լինել բաժնետեր: Ես քաջատեղյակ չեմ, թե ինչպիսի բաժնետոմսերի տեր է Սամվել Ալեքսանյանը, հավատացնում եմ բայց, որ նա տված կլինի դրանք հավատարմագրային կառավարման»:

Հետաքրքրվեցին, թե Գագիկ Բեգլարյանին ինչպիսի՞ նախարար եք պատկերացնում. «Ինքը ունի բավականին մեծ փորձ, քաղաքապետի պաշտոնում ինքը իր պարտականությունները շատ լավ է կատարել, դրսեւորել է բավականին լուրջ կազմակերպչական կարողություններ»: Նաեւ հավելեց. «Ցանկացած գործչի աշխատանքում հնարավոր են լինեն դեպքեր, որոնք պրոբլեմներ են հարուցում իր աշխատանքի համար»: Ըստ Գ Մինասյանի, եթե մարդը կրել է պատասխանատվություն իր արածի համար, ուրեմն կարելի է նրան հնարավորություն տալ նորից աշխատելու: Լրագրողները ճշտեցին՝ բայց կրե՞լ է պատասխանատվություն, ինչին Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»: Aravot.am-ի հարցին՝ կարելի՞ է ասել, որ Գագիկ Բեգլարյանին ՀՀԿ-ն սրանով խրախուսում է՝ ընտրությունների ընթացքում կատարած ներդրումների, բերած ձայների համար՝ պատգամավորը պատասխանեց. «Անլուրջ տեսակետ է»:

Ճի՞շտ է ՀԱԿ-ի հետ չքննարկել կառավարության ծրագիրը՝ Մինասյանը պատախանեց, որ այո, «եթե ընդդիմադիրը նույնիսկ առանց լսելու Ձեր տեսակետները, միանգամից մերժում է, այդպիսի գործելակերպը այդպիսի պատասխանի է արժանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930