Այսօր Փարիզում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման մասին հայտնի դարձավ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հարավկովկասյան վերջին այցի ավարտին: Բաքվում Քլինթոնը հայտարարեց, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կներկայացվի նոր մոտեցում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ։
Անցած տարիների ընթացքում ամենատարբեր առաջարկներն են արվել կողմերին, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել: Արդյոք մնացե՞լ է լուծման որեւէ տարբերակ, որը կիրառելու փորձ չի արվել, էլ ի՞նչ է հնարավոր, որ առաջարկվի` Aravot.am-ի հարցին ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն ասաց. «Այս տարիների ընթացքում տեսականորեն բոլոր հնարավոր եւ նույնիսկ անհնար տարբերակները մեջտեղ բերվել են: Շատ հնարավոր է, որ ուղղակի այդ ձեւակերպման տակ փորձ է արվում սառած բանակցությունները, հանդիպումները վերսկսելու»:
Այս փուլում, երբ տարածաշրջանում ակտիվ զարգացումներ են ընթանում, հնարավո՞ր է, որ այնուհանդերձ ղարաբաղյան կոնֆլիկտին փորձ արվի լուծում տալ` որեւէ տարբերակով: Հակադարձելով դիտարկմանը Կարապետ Ռուբինյանը չցանկացավ որեւէ բան բացառել, բայցեւ նկատեց, որ դա քիչ հավանական է. «Դեռ ոչ հակամարտող կողմերն են պատրաստ որեւէ լուծում ընդունելու, ոչ էլ, այսպես կոչված, միջնորդներն են ընդհանուր լեզու գտել իրար հետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ