Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած մի մարդ եթե Պարույր Սևակ կարդա, կամաց-կամաց կմարդանա». Հունիսի 17-ը՝ Պարույր Սևակի հիշատակի օր

Հունիս 17,2012 17:56

 Որևէ բանաստեղծի կարդալիս յուրաքանչյուր ընթերցող առաջին հերթին ստեղծագործության մեջ փնտրում է հեղինակին՝ քնարական հերոսին նույնացնելով կամ շփոթելով հեղինակի հետ: Պարույր Սևակի պոեզիան այն բացառիկներից է, որում յուրաքանչյուր տողի ու բառի մեջ պարզ երևում է հեղինակը՝ իր բոլոր խոհերով, հույզերով, նաև՝ մարգարեությամբ: Բազմաթիվ բանաստեղծություններում նա գուշակում է սեփական անժամանակ-անբնական մահը, որը վրա հասավ 1971 թ. հունիսի 17-ին: Դժբախտ պատահարը վերջ դրեց բանաստեղծի կյանքին՝ նրան տալով նոր՝ հավերժական կյանք:

Այսօր տարբեր էլեկտրոնային պարբերակններ, էլեկտրոնային լրատվականներ անդրադարձ են կատարել Սևակին՝ խոսելով նրան վերաբերող ամենատարբեր երևույթների մասին: Նրան չեն մոռացել նաև սոցիալական ցանցերի օգտատերերը. ոմանք փոխել են իրենց «Անձնագրի նկար»-ները, շատերը Սևակի բանաստեղծություններն են հրապարակում և քննարկում: Հենց սրան էլ որոշեցինք անդրադառնալ՝ պարզելով, թե ով ինչ է մտածում մեծ բանաստեղծի, նրա բանաստեղծությունների մասին:

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինէ Աբգարեանը խոստովանում է. «Որ ճիշտն ասեմ, ես Սեւակին հիմա  այդքան էլ լավ չեմ հասկանում: Դրա համար միշտ խուսափում եմ ասել, որ նա իմ ամենասիրելի գրողն է.  իմաստ չունի: Բայց համոզված եմ, որ կգա ժամանակ, որ ես էլ Սևակ կհասկանամ»: Սա մեզ հանդիպած թերևս  ամենաանկեղծ գրառումներից մեկ  էր: Մինչդեռ ահա նույն սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Արշակյանը հայտարարել էր. «Դե գիտե՞ք, էրեխեք ջա´ն, գրականությունը Սևակով ա սկսվում»: Իր հայտարարությունը Արտակը հիմնավորում է հետևյալ մտքով. «Եթե ասում են «Գրականություն», հաստատ ընթերցասերների մեծ մասի մտքով առաջինը Սևակն ա անցնում»: Այս երևույթի մասին զրուցեցինք նաև բանասերների հետ: Անի Հովնանյանը(ԵՊՀ, 3-րդ կուրս), անդրադառնալով առանց գրողի մասին բավարար պատկերացում ունենալու նրան սիրել-չսիրելու խնդրին, ասում է. «Հաճախ գրողը դառնում է հեղինակություն, ու շատերը, միայն լսած լինելով նրա անունը կամ կարդալով ընդամենը մեկ-երկու գործ, համարում են նրան իրենց սիրելի գրողը: Երբեմն դա առանց գիտակցելու է անգամ լինում : Հետաքրքիր է, որ այսպիսի մոտեցում լինում է հատկապես այն գրողների նկատմամբ, ովքեր առավել դժվար ընկալելի են, ինչպես Սևակը, Մաթևոսյանը, անգամ Նարեկացին. անհասանելի լինելը գրավիչ է. սա առավելապես մարդկային հոգեբանության հետ է կապված, քան բուն գրական ճաշակի,կամ գրականության բնույթի: Հետաքրքիր է, որ որքան «մոդայիկ» է Սևակ սիրելը, նույնքան էլ չսիրելը: Ընդ որում՝ երկու պարագայում էլ հաճախ ամբողջապես ծանոթ չեն լինում նրա գործերին: Ու «հակառակ» թև ունենալու դեպքում առավել սրվում է ընթերցողների մոտեցումը՝սիրել Սևակ,կամ հակառակը: Ես հորդորում եմ, որ մարդիկ կարդան Սևակ առանց նախնական տրամադրվածության»:

Իսկ ահա նույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հայկ Հովհաննիսյանը խոսում է Սևակի առանձնահատկությունների մասին. «Սևակի առանձնահատկությունն այն է, որ նա պատկանում է այն սակավաթիվ գրողների շարքին, ովքեր ունեն բանասիրական խորը գիտելիքներ: Նա հրապարակախոս է, Սայաթնովայագիտության խոշորագույն գիտնականներից մեկն է: Սևակը խիստ արդիական գրող է, նրա ստեղծագործությունները դեռ երկար են մնալու ընթերցողի սեղանին: Նրա՝ անձնական, խոհափիլիսոփայական, պատմա-քաղաքական, սիրային բնույթ ունեցող ստեղծագործությունները ունեն ևս մեկ շատ կարևոր հատկանիշ՝ ընթերցողը կարողանում է իրեն «գտնել» դրանց մեջ»:

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ նշում է, որ Սևակի «երկարակեցության» գաղտնիքը պետք է որոնել ոչ միայն նրա տաղանդի մեջ, այլև Սևակ ընթերցողների հույզերի, մտահոգությունների ու ակնկալիքների սևեռումներում : «Այս մարդիկ նախընտրում են Սևակին, քանի որ նրա օգնությամբ են գտնում իրենց հարցերի պատասխանները, նրա տողերի հետ են ներդաշնակեցնում իրենց ապրումները»:

Զրուցեցինք նաև բ.,գ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի հետ: Ըստ պարոն Մուրադյանի՝ նորագույն ժամանակներում ամենից ինքնատիպ հայ բանաստեղծներից մեկը հետևորդների մեծ բանակով իր գրական դպրոցն ստեղծած և հաջորդ սերունդների համար բնաստեղծական մտածողության նոր ուղի հարթած Պարույր Սևակն է: Սակայն գրականագետը գտնում է, որ  Սևակը գերագնահատման, առավել ևս նախորդ մեծությունների հաշվին գնահատելու կարիք չունի: «Նա հրաշալի գիտեր բանաստեղծական խոսքի դաստիարակիչ ուժը, գիտեր, որ նոր գաղափարները, մտքերը սերունդների վրա ներգործող մեծ ազդեցություն են ունենում: Ավազակը, փողոցայինը, առևտրականը, չգիտես ով, ցանկացած մի մարդ եթե Պարույր Սևակ կարդա, կամաց-կամաց կմարդանա»,- ասաց պարոն Մուրադյանը:

 

Պատրաստեց «Պարույր Սևակ»-ասեր՝ Հռիփսիմե Գալստյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930