Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Թեղուտ

Հունիս 17,2012 10:49

Ընկերներս հաճախ են հարցնում, թե ինչով է պայմանավորված լավատեսությունս առ այն, որ չեն շահագործվելու Թեղուտի, Հրազդանի, Ամուլսարի եւ բազմաթիվ այլ մետաղական հանքավայրերը, որ մենք հաղթելու ենք հանքարդյունաբերական չարիքի դեմ մղվող պայքարում, փոխելու ենք երկրի տնտեսական վեկտորը` հանքահումքային սպառողական տնտեսությունից անցում կատարելով դեպի արտադրողական, հեռանկարային կանաչ տնտեսություն: Լավատեսությունս ամրապնդվեց նաեւ այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ հնարավորություն ունեցա մասնակցելու Ժնեւում անցկացվող Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հանդիպմանը, որը նվիրված էր ջրային ռեսուրսների եւ առողջության հարցերին: Բարդ է լիարժեք կերպով ներկայացնել միջոցառման կարեւորությունն ու մանրամասները, բայց այդտեղ ստացա առնվազն հետեւյալ հարցերի պատասխանները`

– ովքե՞ր են շահագրգռված, որ Հայաստանը լինի հանքահումքային տնտեսություն ունեցող երկիր եւ ինչու,

– ու՞մ հետ մենք գործ ունենք եւ ինչպես պետք է վարվել հաջողության հասնելու համար,

– ովքե՞ր են որոշում կայացնողները:

Այսպես: Ինչու՞ են տարբեր միջազգային կառույցներ հռչակում ինչ-որ կայուն զարգացման հայեցակարգեր, ընդունում տարաբնույթ կոնվենցիաներ ու արձանագրություններ, եթե միեւնույն է Հայաստանի պես պետությունները դրանք կայուն պարբերականությամբ խախտում են, իսկ «խելոք եւ սրտացավ» եւրոպացիները չեն մշակում այդ խախտումների համար անհրաժեշտ պատժամիջոցներ: Կարծում եք` չե՞ն ուզում միջամտել երկրի ներքին գործերին, խախտել պետության ինքնիշխանությունը:

Ես այլ բան հասկացա. պարզապես այդ կայուն զարգացման սկզբունք կոչվածը ոչ թե մեզ համար է, այլ իրենց երկրների, որը պետք է իրականացվի մեր հաշվին: Եթե երրորդ աշխարհի երկրներում Թեղուտի կամ Ամուլսարի պես հանքերը չշահագործվեն, որտեղի՞ց պետք է գերմանական ու կանադական ընկերությունները ձեռք բերեն ոսկի, պղինձ ու մոլիբդեն: Եթե Հայաստանի պես երկրներն իրական տնտեսական զարգացում ապրեն, հումքը տեղում վերամշակվի, թողարկվի պատրաստի արտադրանք, ապա ի՞նչ հումքի հաշվին պետք է շարունակեն զարգանալ իրենց ուռճացած տնտեսությունները: Ուրեմն ի՞նչ պետք է անել: Պետք է մեր պես երկրներում առկա բնական պաշարները ինչ-որ կերպ տեղափոխել դեպի իրենց երկրներ եւ դա անել առավելագույնս մեծ քանակությամբ ու հնարավորինս ցածր գներով: Կապիտալիզմի օրենքն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է ներքին օրենքներով ամրագրել որոշ մանրուքներ` որ պետբյուջե պետք է մուտք արվի հանքահումքի արժեքի զավեշտալի փոքր մասը, որ շահագործողը ոչինչ չվճարի ոչնչացվող բնական միջավայրի համար, չվճարի շրջակա միջավայր արտանետվող թափոնների դիմաց, փոխհատուցում չհատկացնի մարդկանց փչացված առողջության համար: Զրոյական ծախսեր` գերեկամուտներ:

Այսպիսով, Հայաստանում նախաինդուստրիալ, հետամնաց, հանքահումքային տնտեսության ձեւավորման համար նախ եւ առաջ շահագրգռված են իրենց կայուն զարգացման համար հայեցակարգեր ու կոնվենցիաներ մշակող «քաղաքակիրթ ազգերը» (տերմինը վերցված է Մարդու իրավունքների երոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածից): Նրանք, իհարկե, չեն խառնվի քո «ներքին գործերին», երբ պետությունը խախտում է իր միջազգային պարտավորությունները` հո չեն կարող քո սուվերենությունը խախտել: Իսկ իրենց կայուն զարգացումը կապահովեն քո իսկ կառավարության ձեռքերով:

Ի դեպ` անցնենք հաջորդ հարցադրմանը:

Ժնեւյան հանդիպման ընթացքում առնվազն ինձ համար վերստին վերահաստատվեց այն բացարձակ իրողությունը, որ Հայաստանի կառավարությունը չէ, որ գծում է մեր երկրի տնտեսական զարգացման ուղին: Կառավարությունը չէ, որ հանքարդյունաբերությունը հռչակում է տնտեսության զարգացման գերակա ճյուղ: Կառավարության կամ Ազգային ժողովի իրավական ակտերով չէ, որ սահմանվում է, թե ազգային հարստություն համարվող բնական պաշարների շահագործման արդյունքում պետական բյուջե պետք է մտնի այդ եկամտի ընդամենը 20 տոկոսը` մնացած 80 տոկոսը թողնելով եսիմ որ օֆշորում գրանցված, ինչ-որ անհայտ ծագումով ընկերության: Այդ ամենի հեղինակը մեր կառավարությունը չէ, քանի որ կառավարությունը մեր երկրում ստրատեգիական նշանակության ոչ մի հարց չի որոշում: Այն ընդամենը մի տիկնիկ է տարբեր ֆինանսավարկային լարախաղացների ձեռքին:

Լինելով ոտքից գլուխ կոռուպցիայի եւ կոմպրոմատի մեջ թաթախված` մեր պետական այրերը ուղղակի ստիպված են անել այն ամենն, ինչ նրանցից կպահանջվի: Այդ այրերը, բնականաբար, իրենց բաժինը կստանան այդ ճոխ սեղանից եւ տպավորություն կստեղծվի, թե նրանք են այս ամենի հեղինակը, բայց նարանք ընդամենը գործիք են, եւ ոչ թե գործոն: Նուբարաշենի աղբավայրի պատմությունն էլ այս դիրքորոշման գործուն ապացույցն է, երբ համաշխարհային բանկի ճնշման տակ մենք զրկվեցինք Կիոտոյի արձանագրության շրջանակներում մեզ հատկացվող անվճար միջոցներից, որպեսզի նույն ծրագիրն իրականացվի վերոհիշատակյալ բանկի հատկացրած վարկային միջոցներով:

Այսպիսով, մենք գործ ունենք ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ մեր հաշվին իր կայուն զարգացումն ապահովող միջազգային գիշատիչ կապիտալի հետ` անկախ նրանց, թե ինչ անուններով դրանք հանդես կգան, կամ որքան վարկային միջոցներ կտրամադրեն մեր տնտեսության` իրենց ցանկալի ուղիով «զարգացնելու» համար:

Հիմա անցնենք հարցերի հարցին` ովքե՞ր են որոշում կայացնողները: Նախորդ հատվածների վերլուծությունից կարող է տպավորություն ստեղղծվել, թե այդ նույն միջազգային կապիտալի տնօրինողներն են այս ամենի տերուտիրականը` իրենց կամազուրկ խամաճիկների ընկերակցությամբ: Ահա այստեղ է գտնվում լավատեսությանս բանալին: Ոչ, եղբայր, իրենք չեն:

Բացատրեմ: Վերը ներկայացված ամբողջ պատմության մեջ գործում էին միայն երկու խաղացող` «կայուն զարգացողներն» ու իրենց արբանյակ` պատահաբար իշխանության գլխին գտնվող մամոնայապաշտները: Մինչեւ վերջերս այդպես էլ կար, քանի որ հասարակությունը գտնվում էր նպատակամղված կերպով բթացված, խորը լճացման վիճակում: Վերջին մի քանի տարում այդ հանրության մի զգալի հատված ոչ միայն դուրս եկավ այդ թմբիրից, այլ բարձրացնում է երկի կառավարման եւ սահմանադրական կարգի վերաբերյալ այնպիսի խորքային հարցեր, ինչպիսիք են իրավունքի գերակայության, սահմանադրականության, անմիջական ժողովրդավարության, համամարդկային արժեքների սահմանման, միջազգային իրավունքի սկզբունքներին վերաբերող հայեցակարգային հիմնախնդիրներ եւ սա է նորույթ: Այսպիսի անկյունաքարային հիմնահարցեր չէին բարձրացնում անգամ մեծ աղմուկ բարձրացրած Occupy շարժման ներկայացուցիչները:

Իսկ Հայաստանում բնապահպանական պրոցեսներն ապացուցեցին, որ հասարակությունը վերջնականապես չի բթացել, որ մարդիկ հասկանում են խնդրի էությունը, պատճառները, փնտրում են լուծման տարբերակներ: Այսպիսի  հանրությունը, թեեւ ոչ մեծաքանակ, բայց համառ, արդեն դարձել է իրական գործոն, որի հետ հաշվի են նստում: «Կայուն զարգացողները» դա շատ ավելի արագ հասկացան: Հասկացել է, օրինակ, Հիլարի Քլինթոնը, հասկացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայիս վարչակազմը, որը վերջերս ձախողեց իր հարկի տակ անցկացվելիք Թեղուտի մասին նախապատրաստվող ֆորումը, սակայն հիմա ինքն է առաջարկում այն կազմակերպել: Դա արդեն շատերն են հասկացել: Մեր կառավարությունն էլ կհասկանա: Իրենք մի քիչ ուշ են հասկանում, բայց դե վաճառականի հոգեբանություն կրող մարդիկ են, գլխի կընկնեն: Հուսամ` վերջիններս ժամանակին կհասկանան նաեւ, որ իրենց` գործիքից գործոն դառնալու ճանապարհը եւս միայն այս հանրության միջոցով կարող է լինել… Ահա այս քաղաքացիական հասարակությունն է որոշում կայացնողը` գիտակից, համառ, կոմպրոմատներով չկաշկանդված, իր հողի վրա ամուր կանգնած հասարակությունը: Ու սա չափազանցություն չէ:

Կարող է թվալ, թե ի՞նչ մի մեծ ուժ է իրենից ներկայացնում մարդկանց այս փոքր խումբը, որ այդ համաշխարհային գիշատչի դեմ կարողանա կռվել: Ունեմ առնվազն երկու հակափաստարկ: Նախ` դու գլխիկոր մարտի չես նետվում, այլ մարդու իրավունքների ու ժողովրդավարության «ջատագովների» դեմ կռվում ես իրենց իսկ զենքերով, իրենց հռչակած արժեքային համակարգի շրջանակներում` նույն ժողովրդավարություն, նույն մարդու իրավունքներ, միջազգային պարտավորություններ եւ այլն: Պարզապես այս ամենը իրական է` իրական արդարություն, իրական օրինականություն, ժողովրդավարական իրական հաստատություններ, եւ ոչ թե իրաքցիների ու մյուսների պարանոցին փաթաթվող կեղծ ու շահադիտական արժեքներ: Դու մարդկանց բացատրում ես, որ հասկացել ես իրենց, նրանց էությունն ու նպատակները, որ դու էլ ես իրենց պես մարդ ու չես պատրաստվում հանդուրժել, երբ քեզ երրորդ աշխարհ են անվանում: Դու իր արժեքները շփացնում ես իր իսկ ճակատին: Վստահ եղեք, որ իրենք դա շատ արագ կընկալեն, կփորձեն հաճոյանալ, մրցանակներ շնորհել «քաղաքացիական հասարակության զարգացման» մեջ ունեցած նպաստի համար, կփորձեն դրանով քեզ վերահսկելի դարձնել… Բայց դա կարեւոր չէ: Կարեւոր է, որ, ի տարբերութուն Հայաստանի կառավարության, քեզ արդեն ճանաչել են որպես գործոն, ու քո հասունության, հետեւողականության, ազնվության, քաղաքացիական գիտակցության աստիճանից է կախված, թե դու քո երկրի համար ինչ կարող ես շահել այս պարագայում:

Լավատեսությունս հիմնավորող երկրորդ հակափաստարկն էլ այն է, որ մեր երկրի ռեսուրսների ծավալներն իրականում շատ մեծ կարեւորություն չեն ներկայացնում համաշխարհային կապիտալի համար: Ուստի գրագետ եւ հետեւողական կերպով կազմակերպված պայքարը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ մարդիկ պարզապես չափավորեն իրենց ախորժակը` հեռու մնալով անհարկի վարկաբեկումից ու այլ գլխացավանքներից:

Անշուշտ, կան նաեւ պայքարի այլ գործիքներ, ինչպիսիք են վերաիմաստավորվող հայկական սփյուռքի հնարավորությունների բազմակողմանի օգտագործումը, գալիք նախընտրական շրջանում քաղաքական ռեսուրսից գրագետ օգտվելը եւ այլ, եւ այդպես շարունակ: Բայց այդ ամենն ածանցյալ հանգամանքներ են: Կարեւորն այս երկար ճանապարհին մշտապես ուղեկցող կամքն է ու վճռականությունը` իրավունքի գերակայության եւ սահմանադրականության սկզբունքների լիարժեք գիտակցմամբ ու կիրառմամբ:

Մեր ուժերի սահմաններում է ցրել այն թանձր գորշությունը, բթամտությունն ու ագահությունը, որ տարիներ շարունակ նպատակամղված կերպով կուտակել են մեր գլխին, ու սրանում թող ոչ ոք չկասկածի: Պարզապես դրա համար պետք է ուժեղ լույս` գիտեկիքի, կրթության, ճշմարտության: Այդ լույսի ճամփան Թեղուտն է: Իսկ թե ինչու հենց Թեղուտը, դա առանձին պատմություն է, որի մասին` հաջորդիվ:

Արթուր Գրիգորյան

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930