Այսօր՝ հունիսի 16-ին, հայ քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի տարեդարձն է: Այօր նա կդառնար 89 տարեկան: Քանդակագործ Չուբարյանը Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ և ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանի որդին էր: Նրա հեղինակած բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ նրա կերտած «Մեսրոպ Մաշտոցը», որը Մատենադարանից նայում է դեպի Մաշտոցի պողոտա, պարզապես ազգային մշակութային խորհրդանիշ է դարձել:
Հոբելյանական այս օրը Նալբանդյան 106/1-ի կառուցապատող հանդիսացող «Ավագ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ ՀՀ իշխանությունների, և մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության լուռ համաձայնության պայմաններում, ներխուժեցին Չուբարյանների սեփական բնակելի տան հարակից տարածք, որտեղ գնտվում է Ղուկաս Չուբարյանի արվեստանոցն ու այգին, և որոշեցին երկաթե ցանկապատով առանձնացնել դրա մի հատվածը՝ բարձրահարկ էլիտար շենքերի շինարարության նպատակով:
Դեպքը հուզեց ոչ միայն Չուբարյանի կնոջն և դստերը, այլև շենքի մյուս բնակիչներին, ինչպես նաև Երևանի բազմաթիվ գիտակից քաղաքացիների: Այս հարցում հստակ է, որ ՀՀ իշխանությունները առաջնորդվում են խորհրդային ռեպրեսիվ, զավթողական մեթոդներով, որոնց պայմաններում Չուբարյանների հողատարծքը արդեն մեկ անգամ կրճատվել էր՝ տրամադրվելով ՆԳՆ նախկին մանկապարտեզին: Այսօր՝ անվանի քանդակագործի տարեդաձի առթիվ, փոխանակ պատկան մարմինները իրենց իսկ նախաձեռնությամբ և պահպանելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով հղված Կենտրոնի գոտիավորման նախագծի սահմանումները՝ աջակցեին անվանի գործչի ժառանգներին հիմնելու Չուբարյանի անվան մշակութային կենտրոն՝ նրանք, ընդհակառակը, խլում են այդ տարածքը և խախտելով օրենքը՝ հատկացնում այն Նալբանդյան 106/1-ի կառուցապատողին:
Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում հայ արվեստի, կրթության և լուսավորության բնագավառում մեծ վաստակ ունեցող գործիչների սեփականության զավթման առնչությամբ: Սա գնահատում ենք որպես մի անօրինակ խայտառակություն Հայաստան երկրի և հայ ժողովրդի համար, և գտնում ենք, որ այդ խայտառակության համար պատասխանատվություն են կրում հենց պատկան մարմինները:
Կարդացեք նաև
Խստիվ դատապարտում ենք այն փաստը, որ քաղաքային իշխանությունները արտոնում են Երևանի կենտրոնի գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեություն՝ կոպտորեն խախտելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի դրույթները:
Քրեորեն պատժելի այս գործունեության թե՛ կարգադրիչները և թե՛ կատարածուները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հասարակության առջև մեկ առ մեկ ճանաչվեն որպես հայ մշակույթի գործիչների հիշատակն անարգող անձինք, որոնց փոխարինումը համարում ենք քաղաքաշինության ոլորտի համակարգային զարգացման թիվ մեկ նախադրյալ:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Փրկենք հուշարձանները» նախագիծ
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպություն