Ապրիլից բացված Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզի գրասենյակը հիմնման օրվանից ունեցել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր: Բոլոր դիմումներն ու հարցերն այստեղ ստանում են լիարժեք պատասխան: Դիմողները գրասենյակի աշխատակիցների կողմից նաեւ ստանում են համապատասխան ուղղորդում` ՏԻՄ մարմիններում, դատական եւ այլ ծառայություններում իրենց խնդիրների լուծումներն ստանալու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզի տարածքային գրասենյակի աշխատակիցները մարզի բնակչությանն իրազեկելու համար կատարում են այցելություններ մարզի համայնքներում, լինում ակտիվ հասարակական կազմակերպություններում:
Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի գրասենյակը այցելություններ ու հանդիպումներ է կազմակերպում Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքներում: Պաշտպանի գրասենյակի իրավաբանները եղել են Վորլդ Վիժն Հայաստանի Գավառի գրասենյակում, ՇՊԱԿ-ում եւ այլ կառույցներում:
Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզի գրասենյակի իրավաբանները հանդիպում ունեցան նաեւ Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակի շահառուների հետ: Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի քաղաքացիական հարցերով իրավաբան Հայկ Խաչատրյանը հավաքվածներին ներկայացրեց Պաշտպանին դիմելու կարգը, վերջերս 116 եռանիշ անվճար համարի սպասարկման և գործարկման, ՀՀ 6 մարզերում տարածքային գրասենյակների բացման եւ առցանց դիմելու հնարավորության մասին:
Հանդիպման ժամանակ ցուցադրվեց տեսահոլովակ, որի միջոցով մանրամասն ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ աշխատանքների կազմակերպման ամբողջ ընթացքը:
Գեղարքունիքի տարածքային գրասենյակի իրավաբանը ամփոփման ժամանակ կազմակերպեց անհատական խորհրդակցություն:
«Առավոտի» հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի քաղաքացիական հարցերով իրավաբան Հայկ Խաչատրյանը մանրամասնեց, որ Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակում այսօրվա հանդիպման ընթացքում շահառուների կողմից ընդունվել է 10 գրավոր դիմում, մնացածն իրենց խնդիրների ու իրավունքների ոտնահարման մասին ստացել են բանավոր խորհրդատվություն:
Շոշափվող խնդիրները մեծ մասամբ սոցիալական ոլորտից էին: Հիմնականում ներկաներին հուզում էին ավանդների, կենսաթոշակների, նպաստի, ընտանեկան բռնությունների, պետպատվերով դեղորայքից օգտվելու իրավունքներն եւ իրավասությունները:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզի գրասենյակի համակարգողի` նմանատիպ հանդիպումների նպատակը մարդկանց իրավազեկելն է: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ընդունել անհատական դիմումներ տարբեր խնդիրների առնչությամբ:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ