Աշխարհի վերջին երկու առաջնությունների ընդհանուր արդյունքով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Լոնդոնի օլիմպիական խաղերի տղամարդկանց մրցաշարում հանդես գալու չորս վարկանիշ է նվաճել: Սակայն մեր հավաքականում տարբեր քաշային կարգերի առնվազն յոթ մարզիկ է հավակնում այդ ուղեգրերին:
Ամենաարժանավորներին որոշելու նպատակով այսօր հանրապետության առաջատար ծանրորդների միջեւ յուրօրինակ ստուգողական մրցելույթ կազմակերպվեց, որը նման չէր սովորական մրցոումներին: Յուրաքանչյուրն ազատ էր պատվիրել իր բարձրացնելիք կիլոգրամները, մոտեցումների թվի սահմանափակում չկար եւ պահանջվող քաշային կարգում տեղավորվելն էր ամենեւին պարտադիր չէր: Պարզապես, ծանրորդները գիտեին մի բան. օլիմպիական հավաքականում ընդգրկվելու համար նրանք պետք է ցույց տային իրենց ողջ կարողությունը: Հավաքականի մարզիչներն ու մասնագետները պետք է ընտրեին նրանց, ում պատվիրած եւ բարձրացրած քաշերը կհամապատասխանեին կամ մոտ կլինեին եվրոպական ու համաշխարհային չափանիշներին:
Պայքարը կիլոգրամների հետ հետաքրքիր ստացվեց: Ծանրորդներից մի քանիսը կատարեցին իրենց առջեւ դրած առաջադրանքը, եղան նաեւ այնպիսիք, որոնցից ակնկալիքներն ավելի մեծ էին: Հիմա մարզիչները մի քանի օրվա ընթացքում պետք է վերլուծեն արդյունքները եւ ընտրություն կատարեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ