Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. Ադրբեջանին բարոյահոգեբանական լուրջ հարված է հասցվել

Հունիս 16,2012 16:00

«Ելակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը, ովքեր խոսեցին արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներից:

Դ. Ջամայլանի խոսքով` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ չունի ուժային գերակայություն, ինչը թույլ չի տալիս ապագայում սանձահարել նոր պատերազմ. «Քարոզչական հնարք է այն, որ Ադրբեջանը փորձում է նախահարձակման տարեթիվ ֆիքսել եւ զարգացնել այն թեզը, թե` «տվեք Ղարաբաղը եւ ապրեք հանգիստ»: Մեր խնդիրն է` հերքել այդ սնանկ թեզը, որպեսզի հանրությունը չենթարիկվի մոնիպուլյացիայի»:

Ռազմական փորձագետը հավելեց, որ Արցախը զիջելով` խաղաղություն չի հաստատվի, այլ ընդհակառակը` կթուլացնի հայկական կողմին. «Պատերազմը կանխելու ճիշտ ճանապարհը ճակատային գծի ամրապնդումն է, իսկ Արցախը պետք է զարգացնի իր ենթակառուցվածքները»:

Էդգար Հովհաննիսյանը փաստեց, որ Ադրբեջանը մշտապես ղարաբաղյան խնդիրը փորձել է լուծել ռազմական ճանապարհով` յուրաքանչյուր անգամ հանդիպելով հայկական կողմի կազմակերպված հակահարվածին. «Վերջին գործողություններից ակնհայտ է, որ Ադրբեջանը միջազգային հանրության շրջանում փորձում է կարծիք ստեղծել, թե իրենից է կախված տարածաշրջանային անվտանգությունը: Բայց քանի դեռ սահմանում զինվոր է զոհվում, խոսք չի կարող լինել Ադրբեջանի կառուցողական քաղաքականության մասին»:

Նարեկ Գալստյանի խոսքով` հակառակորդն  ունի միջազգային կառույցներին շանտաժի ենթարկելու մի շարք նախապայմաններ. «Էներգետիկ եւ կոմունիկացիոն հանգույց լինելով` նա իրենից  կախման մեջ է գցում Ռուսաստանին եւ Արեւմուտքին, բացի այդ` հակաիրանական դիրքորոշում ունի: Փարիզում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ընթացքում կարեոր խնդիրը պետք է լինի հրադադարի ռեժիմի խախտման բացառման ծրագիրը»:

Խոսելով հակառակորդի կողմից վերջերս կատարված հրադադարի խախտումից` Դ. Ջամալյանն արձանագրեց 4 զինվորի ցավալի կորուստը. «Միաժամանակ, Արդբեջանին լուրջ բարոյահոգեբանական հարված է հասցվել, քանի որ անարդյունք  կորուստներ ունեցավ` չգրավելով նույնիսկ հայկական հենակետ: Առհասարակ, Ադրբեջանի հանրությունը պետք է հասկանա, որ իրենց երեխաներն ալիեւյան արկածախնդրության զոհեր են»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930