Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող բնակարանների բաշխման հերթական վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին, ժամը 12-ին Գյումրու Անի թաղամասի թիվ 11 դպրոցի դահլիճում, որի ընթացքում երկրաշարժի հետևանքով անօթևան, հերթացուցակում հաշվառված և բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքներին՝ ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների կբաշխվեն 528 հատ 2 սենյականոցները: Անօթևանների հերթացուցակի առավել վերին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:
«Շիրակ կենտրոնը» ինչպես նախորդ վիճակահանությունների ընթացքում, այս անգամ ևս հեռախոսազանգերի և հեռուստահայտարարությունների միջոցով շահառուներին իրազեկել է վիճակահանության կարգի և անցկացման ժամանակացույցի մասին, այդ թվում www.shirakcentre.org վեբ կայքում կտեղադրվի բոլոր 2 սենյականոց բնակարանների վիճակահանությանը մասնակցելու իրավունք ստացած ընտանիքների ցուցակները: Ինչպես նաև ամբողջական մոնիտորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման գործընթացը, առցանց հեռարձակելու է ամբողջ վիճակահանության ընթացքը, նաև տեսաձայնագրելու և համացանցում է տեղադրելու բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները՝ առանց կրճատումների:
Վերջում ավելացնենք, որ Գյումրիում 2012 թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:
Կարդացեք նաև
«Շիրակ կենտրոն» ՀԿ