Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում 5 հայ է ձերբակալվել ապօրինի «բենզինի գործով»

Հունիս 16,2012 15:08

Ուրբաթ օրը Լոս Անջելեսի Շրջանակին Գերագույն դատարանը ապօրինի գործունեության համար մեղադրանք է ներկայացրել 5 հայի՝ 45-ամյա Նորիկ Տեր-Գալստյանին, 24-ամյա Արման Կարապետյանին, 57-ամյա Անդրանիկ Թաշչյանին, 19-ամյա Ալեն Բաբախանյանին և 48-ամյա Ռուբեն Պետրոսյանին, հայտնում է Glendale News-Press-ը:

 

Նրանք մեղադրվում են անձնական տվյալներ յուրացնելու միջոցով բանկային քարտերի ծածկագրերը փոխելու, կեղծված քարտերով բենզին գնելու, ապա բենզինը պահեստավորելու, վերավաճառելու իսկ քարտերի մի մասը վարորդներին վաճառելու համար:

 

Լոս Անջելեսում բենզինը «թանկ հաճույք» գնահատած ոստիկանները նշել են, որ ընդհանուր առմամբ նրանց մեղադրանքը 17 կետ է ներառում: Խմբի գործունեությունից տուժել է երկրի հյուսիս-արևմտյան Վաշինգտոն նահանգի 13 բնակիչ:
Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բացահայտ օգտագործել են քարտերը և «նույնիսկ չեն էլ վախեցել»:
Հինգ շաբաթ առաջ ոստիկանությունն անանուն զանգ էր ստացել այն մասին, որ հայերը վերակոդավորված քարտեր են օգտագործում և բենզին են գնում: Սկսվել էր հետաքննություն: Ոստիկանները նրանց հետևել և լուսանկարել էին քարտերն օգտագործելու պահին, նկատել, որ նրանք մինչև 2000 և 3000 դոլարի բենզին են գնում, նաև այլ քաղաքներում՝ Բերբանքում և Վան Նիզում: Այնուհետև նրանք վաճառել են որոշ քարտերը՝ նաև հեռագնա վարորդների: Ըստ ոստիկանների՝ քարտերի վաճառքն արժեցել է 2500 դոլար:

 

Ըստ ոստիկանության՝ գործողություններն ուղղորդել է Տեր-Գալստյանը, որը պայմանական ազատազրկման մեջ է կեղծարարության գործով:

 

Խուզարկությամբ մեղադրյալների տներից 23 հատ 5 գալոնանոց (4,5 լիտրանոց) բենզինով տարաներ են հայտնաբերվել, ինչպես նաև բենզին քաշելու խողովակներ: Նրանք վերակոդավորված քարտերով իրենց մեքենաները բենզին լցնելուց հետո դա քաշել են տարաների մեջ, պահեստավորել և իրացրել:

 

Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 100 վերակոդավորված քարտեր և 15 000 ԱՄՆ դոլար կանխկիկ գումար:

 

Բոլոր հինգը իրենց մեղավոր չեն ճանաչում, ինչը Լոս Անջելեսի իրավապահները վիճարկելու են դատարանում հունիսի 26-ին:

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել