Երեւանում է ՌԴ պետդումայի ԱՊՀ երկրների գործերով կոմիտեի փորձագետ, ՌԴ գիտությունների ակադեմիայի «Արեւելք» ամսագրի քաղաքագիտության բաժնի վարիչ Կարինե Գեւորգյանը, որի աշխատանքն իր մեջ ներառում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում՝ մշակույթը: Երբ 1994թ. ՌԴ պետդուման մերժեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, միայն այս փորձագետի փաստարկված ապացույցները օգտագործելով էր, որ ԱՊՀ երկրների գործերով կոմիտեի նախագահ Զատուլինը ներկայացրեց օրինագիծն ու 1995թ. Պետդուման ընդունեց այն:
Ի՞նչ կարծիքի է վերջին 20 տարիների հայաստանյան մշակութային փոխակերպումների մասին եւ ի՞նչ ճանապարհներ է տեսնում մեր երկրի առաջընթացի համար, ի՞նչ կարգավիճակ ունի այսօր Հայաստանը ԱՊՀ երկրների համատեքստում: Հիմնականում մշակութային ուղղվածության այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Առավոտը» զրույցի հրավիրեց տիկնոջը:
Կարինե Գեւորգյանը նշելով, որ խորհրդային բազմազգ երկրում մշակույթը համակարգված էր, Հայաստանն էլ ուներ իր ծանրակշիռ տեղը, շեշտեց, որ ԱՊՀ երկրների շրջանակներում չկա մշակութային ֆորմատ ու կարգավիճակ: Այս ոլորտում թագավորում է անորոշությունը: «Կոնկրետ Ռուսաստանում հետաքրքրված են հայկական մշակույթով: Դա ակնհայտ է հատկապես երաժշտարվեստում, որտեղ դեր են կատարում հին կապերը: Սակայն նշեմ, որ այս ոլորտում էլ շեշտը դրված է անհատ կատարողների վրա: Ցավոք, թանգարանների, գիտական գործունեության փոխհարաբերություններում այդ կապը կտրվել է: Այս միտքս կհաստատեն Հայաստանի պետական թանգարանի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Զոհրաբյանը եւ մոսկվացի գործընկերս՝ դրամագիտության ու վիմագրության ոլորտի ճանաչված մասնագետ Վլադիմիր Նաստիչը: Իմ համոզմամբ՝ դա արդյունք է նախ Ռուսաստանի կողմից կամքի բացակայության եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցիչների թերի աշխատանքի: Այս առիթով վերջերս ռուսաստանյան մամուլում իր դժգոհությունը հայտնեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Սակայն հույս ունեմ, որ Ռուսաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նոր ղեկավարը՝ պարոն Կոսաչովը, եւ ՌԴ նորանշանակ մշակույթի նախարարը՝ պարոն Մեդինսկին, պարզապես կամք կդրսեւորեն եւ հետեւողական կլինեն նախկին կապերը վերականգնելու եւ նորերը հաստատելու գործում»,- ասաց Կարինե Գեւորգյանը:
Մեր զրուցակիցն ասաց, որ մեծ հաշվով Հայաստանը ԱՊՀ մյուս երկրների, մասնավորաբար՝ Ռուսաստանի հետ մշակութային համագործակցություն է վարում անձնական կապերի, այլ ոչ պետական համագործակցության մակարդակով: Իսկ թե իր «անձնական կապերը» ի՞նչ արդյունք են տվել, տիկին Գեւորգյանը բերեց մի քանի օրինակ. «Ռուս ընկերներիս շնորհիվ «գտա» գեղանկարիչ Եղիշե Թադեւոսյանի արվեստը: Նրանք ժամանակին այցելել էին Հայաստան՝ նպատակ ունենալով ծանոթանալ անվանի արվեստագետի գործերին: Մոսկվայի Պոլենովի տուն-թանգարանում նրա գործերից ընդամենը մեկ աշխատանք կա՝ գետաքարերից պատրաստված Պոլենովի դիմանկարը… Ճանաչված գրող, «Լիտերատուրնայա գազետա» ամսագրի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի հանրահայտ «Ուլիկը կաթի մեջ» երկին հայ գրքասերը ծանոթացավ Լիա Իվանյանի հիանալի թարգմանությամբ: Երեւանյան տարբեր մշակութային օջախներում նյութեր են հավաքվել, որը կմեկտեղվի առաջիկայում Մոսկվայում հրատարակվող «Ռուսական աշխարհը հայկական աղբյուրներում 7-րդ դարից մինչեւ մեր օրերը» ժողովածուում: Դեռեւս խորհրդային տարիներին չիրականացած երազանքս կարող եմ կյանքի կոչել մեր օրերում, այն է՝ ռուսների համար կազմակերպել ուխտագնացություն՝ Հայաստանում գտնվող քրիստոնեական մասունքները ճանաչելու նպատակով…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ