Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերն այսօր ցուցադրում են խաղաղ բանակցություններին իրենց անպատրաստ լինելը

Հունիս 16,2012 12:59

Հարցազրույց Թուրան տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի հետ

– Ներկայումս ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն Հարավային Կովկասի երկրներից  յուրաքանչյուրում եւ ողջ տարածաշրջանում:

– Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ շահը ժողովրդավարության հաստատումն է, ինչը նշանակում է արեւմտյան աշխարհի սկզբունքներին ու արժեքներին համահունչ վարվեցողություն եւ զարգացում: Նման համակարգը ԱՄՆ-ին որպես գերտերության  չի ստիպի երկարաժամկետ հեռանկարում ռազմական եւ այլ կարգի ծախսեր անել: Հակառակ պարագայում ԱՄՆ-ն չի կարողանա տանել աշխարհում կայունության համար անհրաժեշտ հավասարակշռության պահպանման բեռը: Բեռ, որը նա վերցրել ու կրում  է ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Ընդհանուր առմամբ սա միայն Հարավային Կովկասին չի վերաբերում, այս տարածաշրջանը գլոբալ պրոյեկտի միայն մի մասն է:

– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հիլարի Քլինթոնի վերջերս կատարած այցը ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վրա: Ինչո՞ւ այցը տեղի ունեցավ հենց հիմա, եւ ԱՄՆ առաքելություններից հատկապես որոնցով էր այն պայմանավորված:

– Քլինթոնի տարածաշրջանային այցի գլխավոր նպատակը ժողովրդավարության մասին երկխոսությունների շարունակությունն էր, ինչը սկսվել էր նրա երկու տարի առաջ տեղի ունեցած այցի ժամանակ: Կողմերը «համեմատեցին իրենց ժամերը» եւ քննարկեցին տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման ուղիով հետագա քայլերը: Իրականում Քլինթոնն առաջարկեց զարգացող այս երկրներին միանալու զարգացող աշխարհի բաց կառավարություններ ունենալու ամերիկա-բրազիլական նախաձեռնությանը: Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստանձնել կոնկրետ պարտավորություններ ժողովրդավարական, բաց հասարակություններ կառուցելու, կոռուպցիայի կտրուկ նվազման ու թափանցիկության նույնքան կտրուկ բարձրացման ուղղությամբ: Քանի որ Ադրբեջանին, Հայաստանին ու Վրաստանին առաջարկվում է նույն պրոյեկտը, նույն տեսլականն ու ապագան, սա նշանակում է, որ իրենց փոխհարաբերություններում նրանք կղեկավարվեն ոչ թե սեփական վիրավորվածությամբ ու նախանձախնդրությամբ, այլ ամերիկյան նախաձեռնությամբ նախատեսվող կանոններով ու օրենքներով: Տարածաշրջանն ու կոնկրետ թշնամություն անող երկու երկրները կհեռանան առճակատումից դեպի համագործակցություն, ինչից հեռանկարում կշահեն հակամարտությունից հոգնած ժողովուրդները:

– Կա պնդում, որ Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի հիմնական նպատակներից մեկը իրանական ճգնաժամի հարցում երկրների դիրքորոշումների  ուսումնասիրությունն էր: Ինչպե՞ս են ընկալում ԱՄՆ-ում  ադրբեջանա-իրանական եւ հայ-իրանական հարաբերությունների առանձնահատկությունները, եւ ինչպե՞ս են այդ առանձնահատկությունները դրսեւորվում այսօր: Ի՞նչն է ձեւավորում ներկայումս վրաց-իրանական հարաբերությունները:

– Իրանական թեման կար, բայց առանցքային չէր: ԱՄՆ-ն հետաքրքրված չէ, որպեսզի Հարավային Կովկասի երկրներից որեւէ մեկը առաջ անցնի Իրանի կրոնական ռեժիմը ժողովրդավարականով փոխարինելու արեւմտյան համատեղ ռազմավարությունից կամ էլ քարշ գա դրա պոչում: Մի կողմից, տարածաշրջանի երկրներից կարող էին խնդրել այսօր, եւ հատկապես ապագայում  սատարելու Իրանի նկատմամբ ձեւավորված քաղաքականությանը: Մյուս կողմից, իհարկե, Վաշինգտոնը կարող էր ներկայացնել  Հարավային Կովկասի երկրների անվտանգության ապահովման ուրվագծերը Իրանի կողմից ուժային կամ այլ կարգի գործողությունների դեպքում:

–  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից ԱՄՆ-ի եւ առաջատար այլ տերությունների համար ի՞նչ կարգի ազդանշան կարող են դառնալ ռազմաճակատում այն բախումները, որոնք տեղի ունեցան  Հ. Քլինթոնի այցի օրերին:

– Որքան էլ տարօրինակ է, բայց կարեւոր այցերի, բարձր մակարդակի բանակցությունների նախօրեին  եւ նույնիսկ դրանց ընթացքում (ինչպես եղավ մի քանի ամիս առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ), տեղի են ունենում նշանակալի բախումներ Հայաստանի ու Ադրբեջանի բանակների միջեւ: Այդպես կողմերն ուզում են հասկացնել տալ, որ այսօր պատրաստ չեն խաղաղ բանակցություններին: ԱՄՆ-ն, ինչպես եւ շահագրգիռ այլ երկրները հասկանում են այդ ազդանշանները եւ ընդամենը քայլեր են ձեռնարկում կողմերին զսպելու եւ ձեւավորված հավասարակշռության խզում թույլ չտալու համար: ԱՄՆ-ն այսօր պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու փուլին անցնելու համար, քանի որ օրակարգում ավելի առաջնահերթ խնդիրներ կան՝ սիրիական, իրանական խնդիրները: Կողմերի ռազմական լոկալ կորուստները Վաշինգտոնն ընկալում է որպես ընդամենը պատրաստ չլինելու ազդանշան, ոչ ավելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930