Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան–2012. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հունիս 16,2012 12:56

Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան ԱՄՆ պետքարտուղարի այցի, դրա օրերին ղարաբաղյան ռազմաճակատում ընթացող բախումների, հունիսի 18-ին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, առայժմ հանրության համար անհայտ «նոր առաջարկությունների» մասին են խոսում հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանները՝ նրանց տրված միեւնույն հարցերի շուրջ: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Դժվար է ասել, թե ինչ բովանդակություն ունեն նոր առաջարկները

Հարցազրույց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի հետ

– Ներկայումս ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրում եւ ողջ տարածաշրջանում:

– Միացյալ Նահանգներին տարածաշրջանային երկրներից յուրաքանչյուրը հետաքրքում է եւ որպես առանձին սուբյեկտ, եւ տարածաշրջանային համատեքստում: Վերջինիս առանցքը տարածաշրջանային կայունությունն է:

Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում հետաքրքրություններից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է, որի լուծման համար ԱՄՆ-ն ներգրավված է Մինսկի խմբի աշխատանքներում: ԱՄՆ-ն նաեւ հանդես եկավ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի երաշխավոր: Գործընթաց, որը հաջողության չհասավ: Սակայն ջանքերը խոսում են նաեւ այդ հարցում ԱՄՆ շահագրգռվածության մասին: Եվս մեկ հետաքրքրվածության պատճառ է ԱՄՆ հայկական լոբբին:

Բացի արդեն նշված ղարաբաղյան հակամարտությունից, Ադրբեջանը ԱՄՆ-ին հետաքրքրում է որպես դեպի Աֆղանստան տարանցիկ գոտի: Հաշվի է առնվում նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր սահման ունեն Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ն միջուկային զենքի չտարածման հարցում շատ զգուշավոր քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ: Ադրբեջանի դեպքում հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաեւ էներգետիկ ռեսուրսների առկայությունն այդ երկրում:

Վրաստանն ու Ադրբեջանը Հյուսիսային Կովկասի հետ սահման ունեն, իսկ Հյուսիսային Կովկասը ԱՄՆ-ի օրակարգում տեղ է զբաղեցնում համաշխարհային ահաբեկչության խնդիրների առումով: Վրաստանը Միացյալ Նահանգներին հետաքրքրում է որպես մի երկիր, որին ԱՄՆ-ն բավական մեծ ուշադրություն է դարձրել կոռուպցիայի հաղթահարման, համակարգի ժողովրդավարացման եւ երկրում առաջնորդների նախապատրաստման առումով` հետագայում ազդեցության տեղ ունենալու համար:

– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հիլարի Քլինթոնի այցը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Ինչո՞ւ այդ այցը տեղի ունեցավ հենց հիմա եւ ի՞նչ առաքելություններով էր այն պայմանավորված:

– Սովորաբար մեր երկիր այցելում էր ԱՄՆ-ի պետքարտուղարության տեղակալի օգնականը եւ այն հանգամանքը, որ այս անգամ այցելեց Հիլարի Քլինթոնը, խոսում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման միտումի մասին: Իհարկե, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հիմնադրման 20-ամյակը շատ սիմվոլիկ նշանակություն ունի եւ անմիջականորեն չասոցացվեց այցի հետ: Մեր երկրում կա հայ-ռուսական համատեղ, միայն ռուսական եւ եվրոպական կապիտալ: Հայաստանյան տնտեսության մեջ շատ փոքր մաս է կազմում ամերիկյան կապիտալը, մինչդեռ ամերիկյան բիզնես ջիղը եւ ԱՄՆ-ում հայկական համայնքը կարող են խոստումնալից հեռանկարներ բացել Հայաստանում տնտեսական ներդրումների բնագավառում:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին, ապա այստեղ հայ-ամերիկյան պատկերացումները գրեթե համընկնում են: Հիլարի Քլինթոնը հասկացրեց, որ ԱՄՆ-ն կողմ է ղարաբաղյան խնդրի բացառապես բանակցությունների արդյունքում ձեռք բերված որոշմանը: Իսկ հայ-թուրքական հարցում (ինչպես Հ. Քլինթոնն ասաց) գնդակը հիմա թուրքական դաշտում է:

Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչո՞ւ այցը տեղի ունեցավ հենց հիմա եւ կոնկրետ ի՞նչ առաքելությամբ: Գուցե դա նախատեսված էր մեկ տարի առաջ, կամ գուցե հիմա տեղի ունեցավ, քանի որ ահաբեկչության խնդրի Թուրքիայում տեղի ունեցած քննարկումից հետո հարմար էր տարածաշրջան այցելելը:

– Կա պնդում, որ Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի հիմնական նպատակներից մեկը իրանական ճգնաժամի հարցում երկրների դիրքորոշումների ուսումնասիրությունն էր: Ինչպե՞ս են ընկալում ԱՄՆ-ում հայ-իրանական եւ ադրբեջանա-իրանական հարաբերությունների առանձնահատկությունները, եւ ինչպե՞ս են այդ առանձնահատկությունները դրսեւորվում այսօր: Ի՞նչն է ձեւավորում ներկայումս վրաց-իրանական հարաբերությունները:

– Հուսով եմ, որ ցանկացած երկրի հետ որեւէ հարաբերություն հիմնելիս Հայաստանը նայում է քարտեզին: Իրանի հանդեպ ռազմական գործողությունները կարող են ճգնաժամային լինել Հայաստանի համար: Իրանը մեր 1/3-ից ավելի բեռնափոխադրումների ճանապարհն է: Իսկ 2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ մենք զգացինք, թե ինչ է նշանակում փակ ճանապարհը. 5 օրերի ընթացքում Հայաստանի ֆինանսա-տնտեսական վնասները հասան մի քանի տասնյակ միլիոն դոլարի: Հուսով եմ, որ ԱՄՆ-ն եւ ցանկացած այլ երկիր սանկցիաների մասին խոսելիս հստակ գիտակցում են Հայաստանի համար այս հանգամանքի նշանակությունը: Իրանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ չեն սահուն եղել, սակայն դժվար եմ պատկերացնում, որ Ադրբեջանը կցանկանա ռազմական հարթակ ծառայել Իրանի վրա ԱՄՆ հարձակումների համար:

Վրաստանը Իրանի հետ անմիջական սահման չունի, սակայն վրաց-իրանական հարաբերությունները զարգացող են: Օրինակ`արդեն կա վիզային արարողակարգերի պարզեցման վերաբերյալ համաձայնություն:

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից ԱՄՆ-ի եւ առաջատար այլ տերությունների համար ի՞նչ կարգի ազդանշան կարող են դառնալ ռազմաճակատում այն բախումները, որոնք տեղի ունեցան Հ. Քլինթոնի այցի օրերին:

– Եթե մենք ուսումնասիրենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ լրատվամիջոցների մեկ տարվա հաղորդագրությունները, ապա կտեսնենք, որ դրանց քանակը չի տարբերվում նախորդ շաբաթներին արձանագրված խախտումների քանակից: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գիծը:

Չեմ կարծում, թե Քլինթոնի այցը ինչ որ ազդեցություն կունենա ղարաբաղյան կարգավորման հարցում դրական ակնկալիքների առումով, սակայն այս օրերին քանիցս հաղորդվել է հունիսի 18-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ նոր առաջարկներով հանդես գալու մասին: Դժվար է ասել, թե ի՞նչ բովանդակություն ունեն այդ առաջարկները, սակայն դրանց առկայության մասին ինտենսիվ հնչեցվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930