Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է անհանգիստ հոգիս

Հունիս 16,2012 12:45

Ծերատանը գտնվող Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի՝ ստորեւ տպագրվող 12 ձեռագիր էջ ունեցող նամակի այս հատվածը վերաբերում է ՀՀ նախագահի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնում նրա հետ պատահածին:

Սկսած 06.06.2008թ.՝ հինգ անգամ, տարբեր ամիսների եւ 05.12.2009թ.՝ երկու անգամ, ՀՀ նախագահին ուղարկել եմ դիմումներ, դրան կից բոլոր ապացույց-փաստաթղթերը, որոնք վերաբերել են տանս հարցին: Այդքանից հետո 31.07.2009թ. ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա. Ասատրյանը ուղարկել էր ինձ ծանուցում, որ բոլոր իմ փաստաթղթերով ներկայանամ իրեն: Այսինքն՝ 7 անգամ համոզիչ պետական փաստաթղթերը ուղարկելուց հետո պահանջում է ներկայացնել նույնը: Գժվել կարելի է: Բա ի՞նչ եղան ուղարկածներս, որ կրկին պահանջում են: Դե, պարզ է, ոչնչացրել են՝ ամեն անգամ ստանալուց հետո, բայց քանի որ ես հետեւողական գտնվեցի, ստիպված եղավ հրավիրել իր մոտ: Ներկայացա. չընդունեց: Ասաց՝ գնացեք, մի ժամ հետո եկեք, ուրիշ մարդ պետք է ստուգի ձեր փաստաթղթերը: Ներկայացա մեկ ժամ հետո: Ասատրյանի կողքին էր նստած մուգ ակնոցով մի երիտասարդ: Ասատրյանին ասացի՝ լսում եմ ձեզ, բայց խոսեց մուգ ակնոցովը, որի դեմքը դեպի Ասատրյանն էր ուղղված: Ես հարցրի՝ ինձ հե՞տ եք: Ասատրյանը ձեռքերով եւ դեմքով հասկացրեց, թե նա կույր է: Կույրը շարունակեց խոսել: Դեմքը ուղղած Ասատրյանին՝ ասաց. «Ասատրյանը հարցերը լուծում է փաստերով»: Ես պարզեցի Ազգային արխիվից վերցրած պետական փաստաթուղթը, ասացի՝ սա է փաստը: Դե, կույրը չի տեսնում, հարցրեց Ասատրյանին՝ դա ի՞նչ փաստաթուղթ է: Ասատրյանն ասաց՝ հեչ, ձեռքով գրված է, վրան էլ պեչատ չկա: Ստեց: Մնացել էի շիվարած: Բա էս ի՞նչ ա՝ ցույց տալով երկու մեծ կնիքները, հարցրեցի ես: Ասատրյանի դեմքը կարմրեց «ամոթից»: Բայց, քանի որ կույրը չի տեսնում, նորից ասաց. «Ես դրան չեմ հավատում, բա ինչո՞ւ չի գրած Ազգային արխիվ»: Ես բարձրաձայնելով ցույց տվեցի երկու մեծ՝ պետական գերբով կնիքները, որտեղ հայերեն եւ ռուսերեն գրված է՝ «Ազգային արխիվ»:

Ո՞վ է լսել, որ պետական կարեւորագույն փաստաթուղթը՝ վավերացված պետական գերբով, պետական այրերի ստորագրությամբ, ստուգի եւ մարդու ճակատագիրը լուծի կույր մարդը, որը միայն լսում է, այն էլ՝ մեկնաբանված, «թարգմանություն»: Հե՜յ գիտի, Էյնշտեյն, իրոք որ ամեն ինչ հարաբերական է. ինչպես կույրն է նայում Աստծուն, այնպես էլ Աստված է նայում նրան: Իմ՝ հասարակ մարդու մակարդակով սիրում եմ ինձ ատողներին, իսկ սիրել նրանց՝ ում ատում եմ՝ չեմ կարող:

ՌՈՒԴՈԼՖ ՍԱՖՐԱԶԲԵԿՅԱՆ

Պատրաստ ենք լսել վերոհիշյալ բաժնի պատասխանը նամակի կապակցությամբ:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930