Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

4 տարվա ազատազրկումը վիճարկում է

Հունիս 16,2012 12:43

Դատահոգեբանների պատկերացմամբ՝ 20 տարվա գրքի վերնագիրն ու բովանդակությունը կարող են ազդել ընթերցողների գիտակցության վրա:

Ինչ կլիներ, եթե հանկարծ քաղաքացին չգներ 20 տարի առաջ տպագրված գիրք եւ այն չփոխադրեր Հայաստան՝ վաճառելու նպատակով: Հավանաբար այն, ինչ եղավ հայաստանյան դատարաններից մեկում:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ապրիլի 25-ին դատապարտեց Սպարտակ Ակոջյանին:

Ս. Ակոջյանի գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում: Վերաքննիչ դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, հունիսի 25-ին կլսվի Ս. Ակոջյանի բողոքի քննությունը:

Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի բնակիչ Ս. Ակոջյանը ՀՀ ԿԱ ԱԱԾ ՔՎ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Աղաջանյանի որոշմամբ ձերբակալվել էր անցյալ տարվա ապրիլի 24-ին:

Քննիչի ապրիլի 26-ի որոշմամբ՝ Ս. Ակոջյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այդ ժամանակ էլ Ս. Ակոջյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառվել է կալանքը:

2011թ. հունվարի 9-ից գործը գտնվում էր Կենտրոնի դատարանում:

Ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանի, ամբաստանյալ Սպարտակ Ակոջյանը Թբիլիսի քաղաքում գտնվող Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում գործով չպարզված անձից ձեռք էր բերել «ադրբեջանական՝ հակահայկական քարոզչական ձեռնարկ հանդիսացող՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվություն պարունակող, «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով, 1991 թվականին ռուսերեն լեզվով հրատարակված 10 հատ ֆոտոալբոմ, որոնցում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված էին որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, իսկ 1970-1980 թվականների ընթացքում տարբեր երկրներում թուրք դիվանագետների եւ ներկայացուցչությունների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները վերագրված են «հայկական ահաբեկչական ուժերին»:

Ս. Ակոջյանը ֆոտոալբոմներից 7 հատը Վրաստանից իր հետ տեղափոխել է Հայաստան եւ ապրիլի 23-ին փորձել է դրանք վաճառել Երեւանի «Վերնիսաժ» կոչվող տոնավաճառի տարածքում՝ գրավաճառների հատվածում, որի ժամանակ, ըստ մեղադրանքի կողմի, նաեւ դատարան եկած գրավաճառների ցուցմունքների, հայտարարություններ է արել «հայկական ահաբեկչության» առկայության եւ այն հիմնավորող «փաստերի» վերաբերյալ:

Ս. Ակոջյանի դատաքննությանը հետեւում էր միայն նրա կինը: Առաջադրված մեղադրանքում Ակոջյանն իրեն մեղավոր չճանաչեց՝ իսկ գրավաճառների ցուցմունքների ժամանակ էլ մեկ տող էր ասում՝ «սուտ» է:

Ամբաստանյալ Ս. Ակոջյանի ցուցմունքի համաձայն՝ «Արմյանսկի տեռորիզմ» ֆոտոալբոմը նա գնել էր մոտ 20 տարի առաջ՝ Թբիլիսի քաղաքի «Վերնիսաժում» եւ այն վաճառել է գումար վաստակելու համար: Իր գործողություններում որեւէ նվաստացնող բան չի տեսնում, իսկ նշված ֆոտոալբոմը հայանպաստ գիրք է:

«Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» 2011թ. որոշման համաձայն, «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով, 1991թ. ռուսերեն լեզվով հրատարակված 7 ֆոտոալբոմը ճանաչվել է իրեղեն ապացույց։

Գործի նյութերում առկա դատահոգեբանական եւ դատալինգվիստիկական համալիր փորձաքննության 28.07.2011թ. թիվ 11-1364 եզրակացության համաձայն էլ՝ «Արմյանսկի տեռորիզմ» ֆոտոալբոմի վերնագիրը եւ դրանում ներկայացված նյութերը կարող են ազդեցություն ունենալ ընթերցողների գիտակցության վրա՝ ստեղծելով հայ ազգի հանդեպ խաթարված պատկերացումներ, ազգային թշնամանք: «Արմյանսկի տեռորիզմ» ֆոտոալբոմի վերնագիրը եւ դրանում ներկայացված նյութերի բովանդակությունն, ըստ նույն փորձագետների, ուղղված են հայերի ազգային արժանապատվության նվաստացմանը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930