Համլետ Կարապետյանի ընտանիքն ու հարեւանները քանի օր է՝ միացյալ ուժերով իրենց տան նկուղի կեղտաջրերն են հեռացնում, որ տունը չփլվի: 20 տարի այս վիճակում հայտնված ընտանիքը ահուդողով է սպասում, որ մի օր դժբախտություն կպատահի: Խոնավությունից տան պատերը ճաքեր են տվել, եղած ճաքերն էլ մեծացել են: Տարին 12 ամիս խոնավությունը ներծծվում է տան պատերի մեջ. հիմքն արդեն թուլացել է: Կոյուղու կեղտաջրերը Դավիթաշենի Իոսիֆյան 3-րդ փողոցի բնակիչների մշտական հյուրն են: Եթե խոնավությունը մի կերպ տանելի է, ապա Հ. Կարապետյանի խոսքերով՝ կոյուղին խմելու ջրին խառնվելու վտանգը սպառնում է ամեն օր. «Եթե մի փոքր խցանում է լինում, կոյուղու խողովակներից ջուրը դուրս է տալիս: Մեր նկուղում մեկ մետր բարձրությամբ ջուր էր լցվել: 50 տարվա ջրագծեր են: Մեր տան կողքի ճանապարհը նստում է, ու խնդիրն ավելի է խորանում»:
Երբ իրենց մտահոգությունները հայտնել են ջրամատակարարման պատասխանատուներին, «ջրի մարդիկ» բաժանորդներին հանգստացրել են, թե ջրի խողովակները բարձր են, եւ մեկը մյուսին չի խառնվի, բայց Հ. Կարապետյանի խոսքերով՝ կեղտաջրերն այնքան են բարձրանում, որ հասնում են խմելու ջրի խողովակներին:
Բնակիչների ահազանգին արձագանքել են արտակարգ իրավիճակների նախարարությունից. եկել նայել են ու խորհուրդներ տվել, թե արտակարգ իրավիճակի դեպքում ինչ անեն:
Չորս անձից բաղկացած Կարապետյանների ընտանիքը, որտեղ նորածին երեխա կա, գրավոր դիմել է «Երեւան Ջուր» ընկերությանը՝ վնասները հաշվարկելու եւ փոխհատուցելու պահանջով: Համլետ Կարապետյանը նաեւ մտադիր է անկախ փորձագետի հրավիրել՝ թե՛ խոնավության պատճառով վթարային դարձած տան վիճակը գնահատելու, թե՛ պատճառված վնասները հաշվելու համար: Նրա խոսքերով. «Երեւան Ջրի» հետ կնքած պայմանագրում նշված է, որ եթե կոյուղին, ջրաչափը, կնիքը վնասենք, մենք պարտավոր ենք փոխհատուցել, բայց երբ իրենց կոյուղին է ինձ վնասում, այդ մասին ոչինչ պայմանագրում չեն ասում: ես այդպիսի պայմանագրով ինձ լիարժեք բաժանորդ չեմ զգում»:
Կարդացեք նաև
Համլետ Կարապետյանը նշեց, որ իր տունը միակը չէ, որ տուժում է կոյուղու վթարային վիճակից, ըստ նրա՝ ողջ թաղամասի ցանցը խիստ վերանորոգման կարիք ունի՝ բացառությամբ որոշ հատվածների, որոնք տեղ-տեղ փոխված են:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ