Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տղամարդիկ դրսից են կին բերելու

Հունիս 16,2012 12:38

Աղջիկ երեխաներին աբորտ անելու հետեւանքով 15 տարի հետո Հայաստանում կնոջ դեֆիցիտ է լինելու

Մոտ 15 տարի հետո Հայաստանում տղամարդիկ մեծ դժվարությամբ կկարողանան կին գտնել՝ կամ ավելի ուշ կամուսնանան, կամ էլ՝ այն տղամարդիկ, որոնք ավելի ցածր կրթական մակարդակ եւ վատ սոցիալական վիճակում կլինեն, ընդհանրապես չեն ամուսնանա, ուստի ընտանիքների թիվը մեր երկրում խիստ կնվազի: Սրա պատճառն այն է, որ 15 տարի հետո կնոջ դեֆիցիտ է լինելու, քանի որ ծնողներն այսօր աղջիկ երեխաների ծնունդը, կարելի է ասել, զանգվածաբար կանխում են: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արդյունքում Հայաստանում տարեկան 1400 աղջիկ երեխաներին աբորտ են անում: Այս տվյալներն են արձանագրել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունները, որոնք իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության, վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ համատեղ: Հետազոտության տվյալներով՝ Հայաստանում տղա երեխաների ծնունդը 15%-ով գերազանցում է. ներկայումս 118-120 նորածին տղային բաժին է ընկնում 100 աղջիկ:

Առաջին հայացքից սա գուցեեւ շատերին չմտահոգի. կմտածեն՝ դե, ինչ է պատահել, ավելի շատ զինվորներ կծնվեն, կամ՝ աշխատուժ շատ կլինի, սակայն եթե դիտարկենք ապագայի կտրվածքով եւ ժողովրդագրական առումով, ապա մասնագետները փաստում են, որ իրականում Հայաստանը կանգնելու է ողբերգության առջեւ:

Միջազգային փորձագետ Քրիստոֆ Գիլմոտոն, որն այս թեմայով մի շարք երկրներում հետազոտություններ է իրականացրել եւ ներկայումս Հայաստանում է կատարում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված միջոցառման ժամանակ նկատեց, որ եթե չկանխվի աղջիկ երեխաների աբորտը, ապա մոտ ապագայում կնոջ դեֆիցիտի պատճառով չափահաս տղամարդիկ ստիպված կլինեն մեկնել այլ երկրներ՝ կին փնտրելու ու բերելու համար: Պարոն Գիլմոտոյի դիտարկմամբ՝ սա կբերի միգրացիայի ավելացման եւ զգալիորեն կկրճատի Հայաստանի բնակչության թիվը: Եվ քանի որ կնոջ պակաս է լինելու, կավելանա նաեւ պահանջարկը, ինչը, ըստ միջազգային փորձագետի, կնպաստի մարմնավաճառությանը, բացի այդ, Գիլմոտոյի խոսքերով՝ կաճեն գենդերային բռնությունը, մարդկանց շահագործումը, ու եղած կանանց վրա ավելի մեծ ճնշում կսկսեն գործադրել, որպեսզի նրանք ուզած-չուզած իրենց վերարտադրողական ֆունկցիան կատարեն:

Սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի ներկայացմամբ էլ՝ հարցումներից պարզվել է, որ տղա երեխային նախապատվություն տալը պայմանավորված է ազգային մտածելակերպով եւ մեծ մասաբ՝ Հայաստանի ցածր կենսամակարդակով: Ըստ սոցիոլոգի՝ հարցվածներից շատերը, որոնք գերադասում են տղա երեխա ունենալ, պատճառաբանել են, որ աղջիկ երեխաների համար հետագայում աշխատանք գտնելը շատ բարդ է լինելու, քանի որ տղաները գոնե կկարողանան մեկնել արտագնա աշխատանքի, իսկ աղջիկները ստիպված մնալու են Հայաստանում եւ հարմարվեն կենցաղային ծանր պայմաններին: Տղա երեխային նախապատվություն տալը, ըստ հետազոտության արդյունքների, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանում տղաները, բացի այն, որ ցեղը շարունակելու ֆունկցիան պիտի կատարեն, նաեւ իրենց ծեր ծնողներին պիտի տիրություն անեն: Իսկ աղջիկները ամուսնանալով՝ դառնում են ուրիշ ընտանիքի անդամ: Սեռային տարբերություն չկա զարգացած երկրներում, քանի որ ծերանալիս տղա երեխաների հույսին մնալու խնդիր չկա. պետությունը հոգում է տարեցների խնամքը հատուկ կենտրոններում, եւ բացի այդ՝ կենսաթոշակի չափն էլ այնպիսին է, որ ծերունիները եթե ի վիճակի չեն իրենք իրենց համար հոգ տանել, ապա գոնե կարող են խնամակալ վարձել:

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմանը նպաստում են նաեւ ժամանակակից տեխնոլոգիաները: Եթե նախկինում երեխայի սեռը հնարավոր չէր որոշել, եւ կանայք ստիպված այնքան աղջիկ կամ տղա էին ունենում, մինչեւ իրենց ցանկալի սեռի երեխան ծնվի, կամ էլ դիմում էին ամենաանշառ մեթոդների, ասենք՝ օրացույցով հաշվարկին, ապա այսօր ուլտրաձայնային հետազոտությունը բոլորին է մատչելի: Ընդ որում, եթե երեխայի սեռը երեւում է 12 շաբաթականից հետո, իսկ հղիության արհեստական ընդհատումը թույլատրելի է մինչեւ 12 շաբաթականը, միեւնույն է՝ նույնիսկ նման արգելքների դեպքում ծնողները հրաժարվում են անցանկալի պտղից: Միջազգային փորձագետի կարծիքով՝ երեխայի սեռի չհրապարակելը, ինչպես դա արվում է որոշ երկրներում, հնարավոր է՝ մի փոքր նվազեցնի սեռով պայմանավորված աբորտները: Սակայն ավելի շատ պետք է հասարակության մտածելակերպը փոխել: «Առավոտի» այն հարցին, թե ինչ պիտի անի ՀՀ կառավարությունը, որպեսզի ժողովրդագրական խնդիրները լուծվեն, գուցե աղջիկ երեխաների համար պետական ֆինանսավորումն ավելի՞ լինի, կամ հետագայում աշխատանք գտնելու մտավախությունը վերացնելու համար որոշակի առավելություննե՞ր տրվեն կանանց, մասնագետն ասաց. «Սեռով պայմանավորված աբորտների դեմ նախաձեռնությունները պետք է համակարգված եւ բազմակողմանի լինեն, մեկով չես սահմանափակվի: Նմանատիպ միջամտություններով կառավարությունը կարող է կանխել աբորտը, եթե գումար ունի: Այդ միջամտությունները պետք է համոզիչ լինեն ծնողների համար, իմանան, որ իրենց աղջիկ երեխան լավ ապագա կունենա: Օրինակ՝ Հնդկաստանում, ի տարբերություն տղա երեխաների, աղջիկների նպաստն ավելի է, ընդ որում՝ ոչ միայն աղջիկ երեխային են տալիս գումար, այլեւ ամբողջ ընտանիքին, որտեղ կա աղջիկ երեխա: Իսկ Հարավային Կորեայում բժիշկների շրջանում լայնածավալ աշխատանքներ տարվեցին, եւ նրանք ծնողներին սեռը չեն բացահայտում կամ էլ դժվարությամբ են դա անում, որովհետեւ գիտեն՝ խստորեն կպատժվեն դրա համար: Սա իմ առաջարկություններից մեկը կլինի ձեր կառավարությանը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930