Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի հեճուկս «աղբյուրների»

Հունիս 16,2012 12:21

Ամպերը, որոնք վերջերս կուտակվում են Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթասի» գլխին, ինձ հուզում են նախեւառաջ այն պատճառով, որ դա կարող է խոչընդոտել եւ նույնիսկ, Աստված մի արասցե, խափանել civilnet.am կայքի աշխատանքը: Տվյալ դեպքում ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ում է իրականում պատկանում այդ կայքը` Օսկանյանի՞ն, Հանթսմանի՞ն, մորմոնների՞ն, ԲՀԿ-ի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին: Թե որպես այդ կայքին հետեւող օգտատեր, թե որպես «Սիվիլնեթի» հետ համագործակցող՝ կարող եմ փաստել, որ առօրյա աշխատանքում վերոհիշյալ «աղբյուրների» ազդեցությունը բացարձակապես չէր զգացվում եւ որեւէ սահմանափակումների չէր բերում: Դա, ի դեպ, վկայում է այն մասին, որ խելացի մենեջմենթը եւ լրագրողական պրոֆեսիոնալիզմը եթե ոչ ամբողջությամբ, ապա 90-95 տոկոսով չեզոքացնում են «աղբյուրների» գործոնը: Դուք զգո՞ւմ եք, օրինակ, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանը «Գազպրոմինն» է:

Այս 20 տարում իշխանությունը ոչ պաշտոնական «հիմնավորումներ» է գտնում` իրեն դուր չեկող լրատվամիջոցը ճնշելու համար: Օրինակ՝ պարբերաբար մեր ղեկավարները դժգոհ են լինում «Ազատություն» ռադիոկայանից, որն, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից: 90-ականների առաջին կեսին հիմնավորումն այն էր, որ այդ ռադիոկայանի հայկական խմբագրությունը գտնվում է Դաշնակցության ազդեցության տակ: Այս մասին մերոնք նույնիսկ բողոքել էին 91 թվականին մեր երկիր եկած ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերին: Հետագայում կիսապաշտոնապես սկսեցին խոսել, որ այդ ռադիոկայանը մասնակցում է Հայաստանի դեմ դավադրությանը եւ ուզում է այստեղ «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել: Հիշում եմ, որ մի անգամ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել ռադիոկայանի թղթակցի հարցին` նշելով, որ այն ամերիկյան է, ոչ հայկական: Դե, իսկ «Ա1+»-ն էլ, իշխանամերձ շրջանակների մատուցմամբ, «ՀՀՇ-ական հեռուստաալիք» էր եւ հենց այդ պատճառով էլ պետք է եթերազրկվեր: Հիմա «Սիվիլնեթն» է իբր ինչ-որ «քոչարյանա-մորմոնական» հեռահար ծրագրեր իրականացնում:

Իրականում «Սիվիլնեթը» կարճ ժամանակում կարողացավ կայանալ եւ այսօր խիստ դրական դեր է խաղում մեր լրատվական դաշտում: Բայց եթե նույնիսկ չկայանար եւ չխաղար, միեւնույն է՝ ցանկացած լրատվամիջոցի սպառնացող ցանկացած վտանգ մեզ պետք է անհանգստացնի` մանավանդ, երբ այդ վտանգի աղբյուրը ակնհայտորեն քաղաքական է եւ իշխանական: Լրատվամիջոցի ուղղությունը, ոճը, ֆինանսավորողը, իրավական եւ իրական սեփականատերերն այստեղ որեւէ նշանակություն չպիտի ունենան: Կան կայքեր, որոնք ակնհայտորեն արտահայտում են երկրորդ նախագահի տեսակետը, շատ էլ լավ են անում՝ իսկ ո՞վ ասաց, որ այդպիսի լրատվամիջոցներ չպիտի լինեն: Որքան բազմազան են արտահայտվող կարծիքները, այնքան լավ: Եվ այդ բազմազանությունը պաշտպանողը պետք է լինենք առաջին հերթին մենք՝ լրագրողներս:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930