BBC-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբՙ այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որ 10 տարի Ադրբեջանի ԳԱԱ մասնագետների հետ ուսումնասիրում են Բաքվի եւ հարակից տարածքների երկրաբանական փոփոխությունները: Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները նշել են, որ պատմականորեն Ադրբեջանի «տարածքը երկրաշարժերի գոտի է»: Նրանք մասնավորապես ընդգծել են Շամախիի 1859 թ. կործանիչ երկրաշարժը, որի հասցրած վնասներն այնքան մեծ էին, որ ցարական իշխանությունները ստիպված էին նահանգային կենտրոնը տեղափոխել Բաքու:
Գիտնականների կարծիքով, Ադրբեջանի ամբողջ նավթագազային պաշարները կենտրոնացած են Բաքվում եւ նրան հարակից Կասպից ծովի ընդերքում: Նրանք առանձնահատուկ վտանգ են արձանագրել վերջին տասնամյակում այդ տարածքներում նավթի եւ գազի արդյունահանման ծավալների աննախադեպ մեծացումը, ինչպես եւ նոր հանքավայրերի որոնման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքների գոտիների ընդլայնումը:
Ամփոփելով տասնամյա հետազոտությունների եւ դիտարկումների արդյունքները, ամերիկացի եւ ադրբեջանցի գիտնականները հանգել են եզրակացության, որ երկրաշարժի ռիսկը «Բաքվում անհամեմատ մեծ է, քան այլուր»: Նրանք կանխատեսում են, որ ենթադրվող երկրաշարժը կարող է լինել 1859թ. Շամախիի երկրաշարժի ուժգնության, որը «մեծ վնաս կհասցնի բնակչությանը, նավթագազային ենթակառուցվածքներին եւ լրջորեն կվտանգի Կասպից ծովի ողջ էկոհամակարգը»:
BBC-ն ընդգծում է, որ գիտնականները Ադրբեջանի իշխանություններին առաջարկել են Բաքվում եւ մերձակայքում ավելացնել GPS կարգի դիտարկման սարքերը: «Երկրաշարժի ուժգնությունը եւ ժամկետը կանխատեսելը չափազանց դժվար է, բայց դիտարկումներ անցկացնելը պարտադիր է», ամփոփել են գիտնականները:
«Ազգ»