Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային միակ «հուժկու» ակորդը

Հունիս 16,2012 10:47

Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ-ի տարածքային կառույցների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Լեւոն Զուրաբյանը:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 26-ին նախատեսված հանրահավաքի իրազեկմանն ու կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ներքաղաքական իրավիճակին եւ կոնգրեսի առաջիկա անելիքներին եւ ռազմավարությանը»,- տեղեկացնում են կոնգրեսից:
Այսպես, ուրեմն. ՀԱԿ-ը թեեւ մտել է խորհրդարան եւ այնտեղ յոթ հոգանոց խմբակցություն ունի, բայց որոշել է «զուգահեռաբար» շարունակել փողոցային պայքարը:
Հիշեցնենք, որ կոնգրեսի նախորդ միտինգը տեղի ունեցավ մայիսի 8-ին, եւ չնայած այդ օրը համարվում էր հետընտրական «ցասումնալից պահ», սակայն Թատերական հրապարակը կիսով չափ դատարկ էր, ինչն էլ ստիպեց կոնգրեսի ղեկավարությանը չեղյալ հայտարարել նախապես նշանակված երթը:
Թե ինչի մասին խոսեց այդ օրը ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը, հիմա ոչ ոք չի հիշում: Նրա կարճ ելույթի «արժանահիշատակ» հատվածն այն էր, երբ հայտարարեց, թե իր մանդատը նվիրում է Բագրատյանին:
Հիմա, իհարկե, դժվար է ասել, թե հունիսի 26-ին քանի մարդ կհավաքվի Թատերական հրապարակում: Կոնգրեսը հասել է իր մուրազին, պարզվեց, որ չորս տարի պայքարում էր նրա համար, որպեսզի ձեռք բերեր յոթ մանդատ եւ կարողանար խորհրդարանի դռնից ներս մտնել: Այս ուժի քառամյա պայքարի մարտավարությունն ու ռազմավարությունը միտված էր հենց այդ նպատակի իրագործմանը: Հասան իրենց նպատակին եւ հիմա խորհրդարանում յոթ աթոռ ունեն:
Դե, իսկ կոնգրեսի հռչակագիրն այլեւս կարելի է ուժը կորցրած համարել:
Այս ամենից հետո մարդիկ ինչո՞ւ պետք է գնան հրապարակ, երբ մանավանդ վաղուց արդեն կոնգրեսն իր ասելիքը սպառել է` անցած տարիներին հասցնելով վերջնականապես ձանձրացնել միտինգավորներին, որոնք էլ վերջնականապես համոզվեցին, որ «կոշտ» ու «վճռական» ելույթների հեղինակների համար միակ գերխնդիրը խորհրդարանում հանգրվանելն էր:
Այնուհանդերձ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, տարածքային կառույցներին հրահանգված է մինչեւ հունիսի 26-ը զբաղվել մարդաորսության գործով: Եվ Զուրաբյանի ենթականերն ստիպված են միտինգավորներ գտնել եւ այդ օրը բերման ենթարկել հրապարակ:
Մանավանդ որ վերջին միտինգին հաջորդած ժամանակահատվածում կոնգրեսը մի քանի «հերոսական քայլեր» է կատարել, ինչի մասին լռելը համարյա անմարդկային բան կլիներ: Միտինգավորները պետք է իմանան այդ մասին, նրանք պետք է համոզվեն, որ կոնգրեսն իսկապես պատերազմ է հայտարարել իշխանություններին:
Ինչպե՞ս է հնարավոր, օրինակ, միտինգավորներից գաղտնի պահել եւ նրանց չտեղեկացնել իրենց յոթ երեսփոխանների գործած սխրանքների մասին: Առաջին` բոյկոտեցին ԿԸՀ-ի մանդատ ստանալու արարողությունը: Երկրորդ` բոյկոտեցին նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:
Ասացեք խնդրեմ, ուրիշ ինչպե՞ս են պատերազմ հայտարարում իշխանություններին: Համարձակվեց դա անել միայն ՀԱԿ-ը (դե, իրենց միտինգի ժամանակ հո «Ժառանգությանն» էլ չեն գովելու):
Մինչ այդ արդեն ՀԱԿ խմբակցությունը հասցրած կլինի նաեւ բոյկոտել կառավարության ծրագիրը, այն է` «դեմ» քվեարկած կլինեն ծրագրին:
Այս խիզախ քայլն արդեն աննախադեպ է, ինչի մասին կխոսեն բոլոր յոթ երեսփոխանները՝ իրենց «դեմ» քվեարկելու «հերոսական» գործողությունը համարելով որպես հուժկու հակահարված խորհրդարանական մեծամասնությանը, կամ ավելի ճիշտ, ռեժիմին:
Առանձնահատուկ կերպով կհայհոյեն Սահմանադրական դատարանին եւ կհայտարարեն, թե քննարկում են ընտրությունների արդյունքները վիճարկող իրենց հայցը Եվրադատարան ուղարկելու հարցը:
Դարձյալ ոգեշնչված կխոսեն նախագահի պաշտոնանկության հարցը խորհրդարանում բարձրացնելու, կառավարությանը «օրուարեւ» չտալու, խորհրդարանական մեծամասնության օրենսդրական նախաձեռնությունները «խոտանելու» եւ նման բաների մասին: Ինչպես էին անցած տարիներին գլուխ գովում ու պարծենում, նույն կերպ կդրսեւորեն իրենց նաեւ առաջիկա միտինգի ժամանակ:
Բնականաբար չեն խոսի այն մասին, թե ոնց են «գյուլլա գցել» ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում հայտնվելու համար, կամ ինչպես են բանակցում ԱԺ ղեկավարության հետ եվրոպական երկրներ նախատեսված գործուղումների ցանկում հայտնվելու համար:
Լռության կմատնեն ու կշրջանցեն նաեւ մայիսին ՀԱԿ-ի ներսում տեղի ունեցած փոփոխությունները: Ասենք, ինչու կոնգրեսը լքեցին Գյումրու տարածքային կառույցի ղեկավարը, այնուհետ` «Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունները: Ներքին խնդիրների մասին կոնգրեսի ղեկավարությունը երբեք հրապարակավ բացատրություն չի տվել եւ, անկասկած, այս անգամ էլ իրեն կպահի այնպես, ասես ոչինչ չի եղել:
Դե, իսկ Տեր-Պետրոսյանն էլ հանդես կգա ներքաղաքական կյանքում արձանագրված իրադարձությունների վերաբերյալ «ինքնահարցազրույցով», եւ հավաքվածներին կուղարկեն տուն՝ խոստանալով հաջորդ միտինգը հրավիրել աշնանը, երբ արդեն խորհրդարանում յոթի «վճռական ու սկզբունքային» պայքարն առավել ակնառու դարձած կլինի:
Բացի դրանից, որն ամենակարեւորն է, ՀԱԿ-ն այդ ժամանակ արդեն որոշած կլինի, թե նախագահական ընտրություններում ով է լինելու իր թեկնածուն` հի՞ն, թե՞ նոր «ֆավորիտով» են մասնակցելու 2013-ի ընտրություններին:

Կիմա Եղիազարյան

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930