Կրթության պետական տեսչության աշխատակիցները այս տարվա մարտի 19-ից ապրիլը 5-ը Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունում և մարզի դպրոցներում իրականացրած ուսումնասիրություններով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում բազմաթիվ խախտումներ եւ թերություններ են հայտնաբերել, որոնք վերաբերում են 2010-2011 ուստարում մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարաններում սովորողների ընդունելության, տեղափոխման, փոխադրման և ավարտման կարգերին համապատասխան սովորողների շարժին, կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպմանը, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարմանը, տարեկան ուսումնական ժամանակացույցերին, դպրոցների կանոնադրությանը, տնօրենների ու ուսուցիչների թափուր տեղերի համար մրցույթների անցկացմանը եւ այլն: Հունիսի 13-ի կայացած մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանին հանձնարարեց կարճ ժամկետում վերացնել դպրոցներում արձանագրված խախտումները եւ թերությունները: Մարզխորհրդի նիստի ընթացքում անընդհատ հնչում էին դպրոցների տնօրենների բջջային հեռախոսների զանգերը, դրանցից մեկի զանգը խորհրդային տարիների «բուդիլնիկի» զիլ ձայն էր: Արդեն մի քանի տարի է, ինչ մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ մարզպետարանում կայացող ժողովներում մշտապես հնչում են կրթօջախների ղեկավարների հեռախոսների զանգերը: Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություններից մեկի ժամանակ դպրոցների տնօրեններից մեկը խոստովանեց, որ իրենք ի վիճակի չեն իրենց հեռախոսները գործարկել «առանց ձայնի» ռեժիմով: Արդյոք այդ տնօրենները ի վիճա՞կի են համացանցից օգտվելու, իրենց ղեկավարած դպրոցներում ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական գործընթացներ իրականացնելու :
Ոսկան Սարգսյան