ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթը մեկնարկեց Մատենադարանից ` միասնական աղոթքով: Քայլերթին մասնակցում էին ուսանողական միություններ ու հասարակական կառույցներ մայրաքաղաքից եւ մարզերից:
«Երիտասարդության կամք» հ/կ նախագահ Աննա Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը երկրորդ անգամ է մասնակցում քայլերթին. «Այն եռագույնը, որ առաջինը բարձրացրեց Մովսես Գորգիսյանը, ասելով` «կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», այսօր երիտասարդն է կրում: Համոզված եմ, որ «վաղվա» Հայաստանը եկել է, ինչի ապացույցն է երթին մասնակից բազմաքանակ երիտասարդությունը»:
Ողջունելով նախաձեռնությունը` Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ հաշմանդամները յուրաքանչյուր տարի սիրով են մասնակցում միջոցառմանը. «Նրանք հպարտությամբ են կրում եռագույն շապիկները: Սա տոն է բոլորիս համար: Մենք պետք է սովորենք հարգել եւ գնահատել հանրապետության խորհրդանշանները»:
Քայլերթին մասնակցում էր նաեւ «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը» (ՀԵՀԵԿ): Վերջինիս հոգեւոր պատասխանատու տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը նշեց, որ 20 տարի առաջ վերածնված խորհրդանշաններով արտահայտվում է հայերի ազատատենչ ոգին. «Ազատությունը, որի մարմնավորումն են մեր խորհրդանշանները, հատուկ է հայ ժողովրդին, առհասարակ` այն Աստծուց մարդկությանը տրված շնորհ է եւ առանց դրա չկա պետություն»:
Կարդացեք նաև
ՀԵՀԵԿ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գեւորգ Մկրտչյանն ասաց, որ ՀՀ 20-ամյա անկախությունը հայ երիտասարդներրը յուրովի են արժեվորում եւ գնահատում. «Արժեւորման ճանապարհին պետական խորհրդանշանները կարեւոր գործոն են, որոնց շնորհիվ մենք համախմբվում ենք եւ ճանաչելի դառնում աշխարհին»:
Քայլերթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվեցին Հանրապետության Հրապարակ եւ մասնակցեցին տոնական համերգային ծրագրին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ