Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով հայ- ադրբեջանական շփման գծում գրեթե ամեն օր արձանագրվող հրադադարի խախտումներին, ասաց, որ այդ սահմանը, ըստ Հայաստանի և Ռուսաստանի միչև կնքված հուշագրի, պարտավոր է պաշտպանել Ռուսաստանը: «Ես ուզում եմ առանձնացնել այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանում և այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանա-արցախյան սահմանում: Սրանք լրիվ այլ են, և, ցավոք սրտի, մեր արտգործնախարարությունը և պաշտպանության նախարարությունը, անընդհատ հանդես գալով հայտարարությամբ, չեն առանձնացնում այս խնդիրը, որովհետև, այն ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանում, դա Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականություն է Հայաստանի նկատմամբ, իսկ դրա համար Ադրբեջանը պետք է պատասխանի, պատասխանի այն առումով, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, պարտավոր է պահանջել իր դաշնակիցներից, որպեսզի վերջիններս ապահովեն հայկական սահմանների անձեռնմխելիությունը: Բացի դրանից 2010 թվականի օգոստոսի վերջին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր պայմանագիր, ըստ որի ռուսական բազաները, որոնք ևս 49 տարով երկարացվեցին տեղաբաշխման Հայաստանի տարածքում, ոչ միայն պետք է պաշտպանեն հայ –թուրքական և հայ –իրանական սահմանները, այլ պետք է պաշտպանեն հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանների անձեռնմխելիությունը»,- հիշեցնում է Գագիկ Համբարյանը:
Ըստ նրա, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից չեն պահանջում, որ վերջինս ստանձնի իր վրա վերցրած պարտականությունները: Քաղաքագետի պնդմամբ, այստեղ բացարձակապես կապ չունի այն փաստը, որ Ռուասաստանը Մինսկի խմբի անդամ է, Հայաստանի նկատմամբ նրանց պարտավորությունների իրականցումը չի խախտում Ռուսաստանի դիրքերը Մինսկի խմբում: «Դա բացարձակ կապ չունի Լեռնային Ղարաբաղի պրոցեսի հետ, սա դնում ենք մի կողմ, սա կապ ունի զուտ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, որովհետև Ադրբեջանը, խախտելով հայ-ադրբեջանական սահմանի անձեռնմխելիությունը, ուզում է միջազգային հանրությանը համոզել և ցույց տալ, որ իրականում կոնֆլիկտը ոչ թե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է, այլ հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև է, իսկ մեր արտգործնախարարությունը պետք է դրանք անընդհատ զատի, և ցույց տա, որ էդպիսի խնդիր չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև, և Ադրբեջանը տարրական ագրեսոր է` այդպիսի դիվերսիոն գործողություններ կազմակերպելով Հայաստանի սահմանակից շրջաններում: Կոնֆիլկտը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև , որովհետև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի համար չէր կարող կոնֆլիկտ ունենալ Ադրբեջանի հետ, որովհետև Լեռնային Ղարաբաղը գրավված կամ ինչպես իրենք են սիրում ասել օկուպացված տարածք չէ: 1988-ին ԼՂԻՄ-ի բնակչության 75 տոկոսը կազմող հայերը չէին կարող ինքնաօկուպացվել, չէին կարող գրավել այն տարածքը, որտեղ իրենք ապրում են դարերով, դա զավեշտ է », -ասում է Գագիկ Համբարյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև