Հենց նոր ավարտվեց ՀՀԿ գերագույն մարմնի նիստը, եւ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստում որոշվել է, որ առողջապահության նախարարի պաշտոնը, որ մինչ կոալիցիայի քանդվելը զբաղեցնում էր ԲՀԿ-ական Արտյոմ Քուշկյանը, կհանձնվի Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին:
Սոցիալական հարցերի նախարար դարձավ մինչ այդ այս նույն նախարարության փոխնախարար Արտեմ Ասատրյանը:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը կղեկավարի Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Քաղաքաշինության նախարարությունը տրվել է ՕԵԿ-ին, որը այսօր կայացած կուսակցական քաղխորհրդի նիստում այդ պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանի թեկնածությունը:
Կարդացեք նաև
Երիտասարդության եւ սպորտի նախարար կնշանակվի որեւէ անկուսակցական, որի անունը հայտնի կդառնա առաջիկա կառավարութան նիստում:
Պարոն Շարմազանովն ասաց նաեւ, որ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը կշարունակի մնալ որպես պատգամավոր: Կառավարության մյուս նախարարները կշարունակեն պաշտոնավարել, այլ փոփոխություններ չեն լինի: Նա ասաց նաեւ, որ այժմ կառավարությանը լուրջ աշխատանք է սպասվում, քանի որ «թեւակոխում ենք լուրջ բարեփոխումների փուլ»: Չի քննարկվել նաեւ մարզպետերի եւ փոխնախարարների փոփոխության հարց: Նկատենք, որ ԲՀԿ-ն մեծ թվով փոխնախարարներ ունի: Իսկ լրագրողի հարցին` հնարավո՞ր է, որ Սպորտի նախարարությունը թողնվի ԲՀԿ-ին, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ «չի բացառվում»: Մարզպետերի հարցը կքննարկվի օրենքով սահմանված ժամկետներում, եւ ամենայն հավանականությամբ` գործող մարզպետները կրկին կվերանշանակվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.-Ի դեպ, բոլոր նորանշանակ նախարարները նիստից հետո կայծակնային արագությամբ հեռացան ՀՀԿ գրասենյակից, եւ լրագրողները չհասցրեցին որեւէ մեկնաբանություն վերցնել նրանցից: