Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանն այսօր ժամը 17-ին պիտի հրապարակեր Դանիել Իոանիսյանի, Բայանդուր Պողոսյանի, Հասմիկ Սիմոնյանի ՝ «Մեկ ազգ» կուսակցության դեմ հայցով վճիռը: Սակայն այն չհրապարակվեց, քանի որ վերսկսվեց դատը` մի հանգամանք ճշտելու համար:
Դատավորը «Մեկ ազգի» ներկայացուցչից՝ Գոռ Թամրազյանից, փորձեց ճշտել, թե արդյո՞ք «Մեկ ազգը» տեղյակ է եղել, որ Facebook-ի այդ էջում տպվում է այն հրապարակումը, որը վիճարկվում է դատարանում: «Մեկ ազգը» ասաց, որ տեղյակ չի եղել: Դատարանը դրանով իսկ պիտի որոշեր հանրությանը հասանելի լինելու հանգամանքը: Ի դեպ, հայցվորներից որեւէ մեկը չէր ներկայացել դատարան:
Դահլիճում միայն «Մեկ ազգ» կուսակցության համակիրներն էին: Դատարանն այդ հանգամանքը ճշտելուց հետո հայտարարեց դատաքննության ավարտի մասին:
Վճիռը կհրապարակվի հունիսի 28-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում էր, որ «Մեկ ազգ» կուսակցությունը հրապարակային ներողություն խնդրի իրենցից, հատուցի 10 հազար դրամ՝ դատական ծախսերի եւ 10 դրամ էլ՝ բարոյական վնասի հատուցման համար: Ներողությունը պահանջում էին Facebook սոցիալական ցանցի «Մեկ ազգ» կուսակցության /նախագահ Գոռ Թամրազյան/ էջում, ըստ հայցվորների՝ իրենց նկատմամբ արված վիրավորական եւ զրպարտչական արտահայտությունների համար:
Փոխհատուցման պատճառ դարձած արտահայտությունների մեջ նշվում էին. «Լեւոնական երիտթեւի գաղափարական վիժվածքը, որն առանց համասեռամոլների չի պատկերացնում Հայաստանը» , «Պիտի համասեռամոլ լինես, որպեսզի լինես երիտթեւի անդամ», «Աշխատավարձը միայն գրանտի ձեւով է, պայմանը մեկն է՝ քարոզի անբարոյականություն», «այս խեղկատակը նույնիսկ հայ չի» եւ նման մի քանի արտահայտությունների համար:
Գոռ Թամազյանը Aravot.am-ին հայտնեց.«Անկախ վճռի արդյունքից, մենք հասնելու ենք նրան, որ լուծարվի «Անտի մեկ ազգը», որը գլխավորում է սատանիստ Բայանդուր Պողոսյանը: «Մեկ ազգը» պահանջում է երեք ներողություն` իրենցից, Հայ Առաքելական եկեղեցուց եւ Խաչիկ Ասրյանից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ