Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու թիվ 15 դպրոցի ուսուցիչները պատրաստվում են ծեծել ոչ թե նախագահականի, այլ դեսպանատների դռները

Հունիս 15,2012 20:18

Այս դպրոցը ակամայից հայտնվել է 5 միլիոն 406 հազար դրամի պարտքերի մեջ , որի պատճառով էլ տնօրինությունը չի կարողանում փոխանցել 60 հոգանոց կոլեկտիվի աշխատավարձերը:

Բանն այն է, որ Գյումրու  մեկ այլ դպրոցի` թիվ 37-ի  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Մռյանը երկրաշարժի ժամանակ հարյուրավոր աշակերտներին  փրկելու ու այդ պատճառով  իր ոտքը վնասելու փոխհատուցումը պահանջում է  հենց այս դպրոցից: Տիկինը դատի է տվել, դատը շահել , ԴԱՀԿ-ն էլ արգելանք է  դրել  թիվ 15 դպրոցի հաշիվների վրա: Իսկ այն, թե ինչո՞ւ է հենց այս դպրոցը  թիրախ ընտրվել, որտեղ, ի դեպ, Սուսաննա Մռյանը երբևէ չի աշխատել, պատճառաբանվում է Գյումրու դպրոցների օպտիմալացմամբ: Երկրաշարժի ժամանակ տիկին Մռյանը աշխատել է  թիվ 36 դպրոցում, այնուհետ 5-րդ, 37-րդ դպրոցներում: Աշխատանքային տրավմա նա ստացել է  թիվ 36 դպրոցում, որը 2003 թվականին միավորվել է թիվ 15-ին , հետևաբար և դատավոր Մարտին Սարոյանը որոշել է, որ այս տիկնոջը խեղման հետևանքով պատճառված վնասը պետք է փոխհատուցի թիվ 15 դպրոցը` որպես իրավահաջորդ: Այս փաստը հունից հանել է կոլեկտիվին, ովքեր մեզ հետ զրույցում  ասում էին. « Հանրապետությունում այլևս կառույց չի մնացել որ չբողոքենք: Մի դատավորի պատճառով իսկական կրակն ենք ընկել, երկրաշարժից տուժած էդ ո՞ր մի գյումրեցին  է փոխհատուցում պահանջել, որ այս կինն է պահանջում, սա գրպան մտնելու քաղաքականություն է: Մենք ամիսներով  սոված նստենք, որ այս կինը մեր փողերը տանի՞: Եթե էս պետությունը շարունակի երկրում մնացած իր մի քանի  որբերին էսպես նայել, ապա մենք կծեծենք ոչ թե նախագահականի դռները, այլ` հյուպատոսարանների: Կգնանք ուրիշների ճորտն ու  հպատակը կդառնանք, չորրորդ կարգի ստրուկ կդառնանք, ինչպես մեր մյուս հայրենակիցները, բայց  հերիք եղավ ապրենք մի երկրում, որտեղ համ երկրի  տերն ենք , համ էլ անտե՞ր ենք, լավ է ստրուկ լինես, բայց գլխիդ տեր ունենաս: Էդ ի՞նչ մի խնդիր է , որ էսքան տարի չեք կարողանում լուծել, գնանք էրեխեքիս ասենք` առ մեր աշխատավարձի թուղթը կե՞ր, թղթից բացի մեզ ոչինչ չեն տվել», – զայրացած էր կոլեկտիվը:

Նրանք պնդում էին, որ իրենց դպրոցից մի ուսուցչուհի աշխատանքի ժամանակ ոտքը կոտրեց, գրատախտակը պատահաբար պոկվեց ու ընկավ նրա ոտքերին, սակայն ապահովագրական ընկերությունը նույնիսկ երեսը չնայեց, այդ ինչպե՞ս եղավ, որ Սուսաննա Մռյանին պետությունը երկրաշարժից տուժած ճանաչեց:  «Բա  Գյումրու հաշմանդամների`  Ավստրիական թաղամասի բնակիչները ումի՞ց գնան  իրենց ոտք ու ձեռքը պահանջեն, գոնե լավ չէ, որ տիկին Մռյանը իր ոտքը չի կորցրել , այլ վնասել է, ընդ որում ոչ մեկը չի տեսել, թե էդ ինչպես վնասեց, քանի որ թիվ 36 դպրոցը չի փլվել, դպրոցը երկրաշարժից հետո այնպես կանգնուն էր, որ 3 տանկերով են շենքը քանդել», -ասում էին ուսուցիչները:

Տիկին Մռյանի պարզաբանմամբ էլ` եթե  թիվ 15 դպրոցի տնօրինությունը ճիշտ ժամանակին իր փոխհատուցումը տար, այլ հինգ տարվա  պարտք  չկուտակեր, ապա  ոչ ինքը, ոչ էլ կոլեկտիվը չէր տուժի, դպրոցի հաշիվների վրա  էլ կալանք  չէին դնի: Դպրոցի հաշվապահ Ռուբիկ Սուքիասյանն էլ պնդում է, որ իր ձեռքի տակ չկա որևէ  փաստաթուղթ, որը կարողանա որպես հիմք ընդունել`  Սուսաննա  Մռյանին փոխհատուցում տալու համար: Ըստ նրա` այս տիկնոջ պահանջն անօրեն է:

Մանրամասները ընթեցրեք «Առավոտի» առաջիկա տպագիր համարներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930