«Քաղաքականամերձ մթնոլորտը կայուն պահպանելու համար, ի շարս այլ տարատեսակների, միշտ էլ եղել է քաղաքականամերձ խեղկատակների կարիք, որոնց հիմնական խաղաքարտն՝ ամեն հաջորդ օրն ավելի ու ավելի զվարճալի ու խեղկատակ լինելն է: Ի վերջո, դա էլ է մասնագիտություն, եթե դրա համար նաեւ վճարում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մեր կայքին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տված մեկնաբանություններին, որ «Քանի հազար մարդ անիծում են Ծառուկյանին, որ կորցնելու են պաշտոնը, գործը, որովհետեւ փոխվելու են նախարարներ, այդ մարդիկ իրենց թիմն են բերելու: Մարդիկ աշխատում էին, տուն էին պահում, հիմա դուրս են գալիս գործազուրկ, ի՞նչ պիտի անեն»:
Տիկին Զոհրաբյանը դեմ չէ, որ Ահարոն Ադիբեկյանի նմաններ էլ լինեն. «Ի վերջո, եթե անգամ մենք արդեն բազմազանության շքերթ ենք հանդուրժում, մի զվարճալի Ադիբեկյանն ի՞նչ է, որ նրան չհանդուրժենք»:
Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով նաեւ այն խոսակցությունները, որ ԲՀԿ-ական Հրաչ Ռոստոմյանը զբաղեցնելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնը, ասաց, որ առաջիկայում Հրաչ Ռոստոմյանը հանդես կգա հայտարարությամբ եւ բոլոր հարցերի պատասխաններն այդ հայտարարության մեջ կտրվեն:
Մեր ունեցած տեղեկություններով Ռոստոմյանն այնուհանդերձ կնշանակվի նախարար:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ