Aravot.am-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք ադրբեջանահայերը գո՞հ են ՌԴ-ի դիրքորոշումից, մասնավորապես ՀԱՊԿ-ի պահվածքից, վերջին օրերին շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների ժամանակ: Տիկին Ավագյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ սահմանային միջադեպերը և լարվածությունը պայամանավորված է ոչ միայն եվրոպական գերտերությունների, այլև Ռուսաստանի լոյալ պահվածքով Բաքվի նկատմամբ: Միանշանակ է, որ երբևէ Հայաստանում իշխանությունը, հայ փախստականությունն ու Արցախի իշխանություններն իրենց անվտանգությունը չպիտի կապեն որևէ մեկի հետ: Այլ իրենք պիտի ակտիվ և ամուր լինեն: Իմ անբավարարվածությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՌԴ-ն համաչափ զինում է նաև Ադրբեջանին որոշակի զինատեսակներով: Բնականաբար, եթե ինչ- որ տեղ կուտակվում է այդ զենքը, ապա ինչ-որ տեղ էլ պետք է օգտագործվի: Ուստի հայ փախստականությունը մտահոգված է սահմանային գոտու փախստականների վտանգված լինելով»:
Մեր այն հարցին՝ արդյոք այստեղ դերակատարություն ունի նաև ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, տիկին Ավագյանը պատասխանեց. «Տեսնում եմ, որ ՀՀ իշխանություններն ինչ-որ առումով կախում ունեն գերտերություններից, նրանց պահվածքի մեջ անկախություն չեմ տեսնում: Հենց, օրինակ, փախստականների իրավունքների պաշտպանության առումով, մասնավորապես, Մինսկի խմբի ձևաչափում հայ փախստականների խնդիրը բարձրացնելու հարցը: Ես ենթադրում եմ, որ ՀՀ իշխանությունները գտնվում են բավականին մեծ ճնշումների տակ, թե տնտեսական, թե ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական խնդիրների առումով: Այս առումով Ադրբեջանի փախստականների խնդիրը կարող է նաև սակարկվել: Այնինչ վստահ եմ, որ միայն հայ փախստականները որպես գործոն իրացնելը հնարավորություն կտա հայկական կողմին տարածաշրջանում արցախյան կոնֆլիկտը լիարժեք լուծելու և խաղաղություն հաստատելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ