«Սիրիայի անվտանգության ուժերը սեռական բնույթի բռնություններ են իրականացնում` երկրում նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ արդեն 15 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում ձերբակալված տղամարդկանց, կանանց և երեխաներին խոշտանգումների ենթարկելու նպատակով»:
Այս մասին հայտնել է Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը, որի կողմից ուրբաթ օրը հրապարակված զեկույցում նշվել է, որ Սիրիայի զինծառայողների և զինված ստորաբաժանումների անդամների կողմից սեռական բռնությունների դիմելու մասին հաղորդագրություններ են ստացվել բանտարկությունից ազատ արձակված անձանց հետ հարցազրույցների արդյունքում:
Ըստ իրավապաշտպանների, այս անձինք հայտնել են իրենց նկատմամբ սեռական չարաշահումների, ինչպես նաև այլոց նկատմամբ կիրառվող բռնությունների, ներառյալ բռնաբարությունների, ծեծի և էլեկտրական ցնցումների միջոցով տանջելու մասին:
Կազմակերպության համաձայն, փաստաթղթավորվել է սեռական բնույթի բռնությունների ավելի քան 20 դեպք, որոնք տեղի են ունեցել 2011 թվականի մարտից մինչ 2012 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Սիրիայի ընդդիմության հենակետերից մեկում՝ Հոմս քաղաքում: Կազմակերպությունը նշել է նաև, որ սեռական բռնությունների ամբողջ պատկերը, որը տիրում է Սիրիայի կալանավայրերից դուրս, անհայտ է:
Կարդացեք նաև
«Human Rights Watch»-ի համաձայն, այն չունի նման բռնությունների իրականացման դիմելու մասին կառավարական ուժերի հրամանատարների կողմից արձակված հրամանների վերաբերյալ ապացույցներ: Իրավապաշտպանները սակայն նշել են, որ այս չարաշահումները հետաքննելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկվում:
Սիրիայի կառավարությունը չի արձագանքել այս մեղադրանքներին:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»