Սեւանա լճից ջրի բացթողման օրենքով սահմանված չափաքանակն ավելացնելու ՀՀ կառավարության մտադրության հետ կապված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որոշում է ընդունել դուրս գալ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կազմից: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ես ուզում եմ ապրել, որ Սեւանի թերակղզին Կղզի տեսնեմ: Ովքեր ուզում են ապրել եւ Սեւանի թերակղզին միշտ թերակղզի տեսնել, թող հասկանան, որ, ըստ իս, դա առնվազն բարբարոսություն է»,- նշում է ակադեմիկոս Համբարձումյանը եւ խնդրում իրեն հանել փորձագիտական հանձնաժողովի կազմից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հավանության արժանացրեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց համաձայն` լճից ջրի բացթողման համար սահմանված առավելագույն 170 միլիոն խմ ծավալը կհասցվի 320 միլիոն խմ-ի:
«ԷկոԼուր»