Երեկ՝ կեսգիշերին մոտ, ամբողջ Կապան քաղաքը հոսանքազրկվել էր վթարի պատճառով, որը տեղի էր ունեցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ենթակայության տակ գտնվող Շինուհայրի ենթակայանում: Այս մասին «Առավոտի» Սյունիքի մարզի թղթակցին փոխանցեց «Հայաստանի Էլցանցեր» ՓԲԸ Տաթեւ մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վարդազար Պապյանը եւ հավելեց, որ վթարը ֆիքսվել է որպես այլ ենթակայանում տեղի ունեցած վթար:
Իսկ «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված մարզկենտրոնում վերջին շրջանում պարբերաբար տեղի ունեցող հոսանքազրկումները, որոնք հարուցել են բնակչության դժգոհությունը, գլխավոր ճարտարագետը պատասխանեց, որ այդ անջատումները պայմանավորված են սահմանված կարգով իրականացվող պլանային եւ արտապլանային աշխատանքներով: «Մենք այդ անջատումների մասին նախապես հանրությանը տեղյակ ենք պահում հայտարարությունների միջոցով, միայն չֆիքսված եւ անկանխատեսելի վթարների ժամանակ է, որ հնարավոր չի լինում նախապես տեղեկացնել բնակչությանը», – հավելեց Վ.Պապյանը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:15 րոպեից սկսած՝ մոտ 40 րոպե շարունակ ամբողջ Կապանն առանց էլեկտրականության էր մնացել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ