Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյանը` իր թվերին չհավատալու մասին. «Խի Գելափը իշխանությունից հեռո՞ւ է կանգնած, հա՞»

Հունիս 15,2012 16:13

Այսօր Aravot.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին հարցրեց՝ Հայաստանում ձեր թվերին չեն հավատում, գոնե Ղարաբաղում հավատո՞ւմ են: Ահարոն Ադիբեկյանը հիմա էլ սոցիոլոգիական հարցումներ էր անցկացրել Ղարաբաղի ընտրությունների հետ կապված: Պարզվում է` պարոն Ադիբեկյանը մի սոցհարցում էլ իր համար է արել ու համոզվել, որ Հայաստանում 75%-ը իր սոցհարցումներին հավատում է. «Մենք հարցում ենք անցկացնում` ոչ մեր անվան տակ, ունենք ստուգողական հարցեր, մենք գիտենք, թե քանի տոկոսն է մեզ վստահում»:

Մեր դիտարկմանը, որ նախընտրական շրջանում «GALLUP»-ի մուտքը Հայաստան նրանով էր բացատրվում, որ ձեր վարկանիշն իջած է, ոչ ոք այլեւս չի հավատում ձեր թվերին եւ նոր ընկերություն բերեցին, որ մի քիչ հավատան: Ի պատասխան` Ահարոն Ադիբեկյանը ասաց. «Հիմա ո՞ւմ տվյալները հաստատեցին ընտրությունները` իմ տվյալները»: Մեր դիտարկմանը, որ դուք իշխանությանը մոտ եք կանգնած, գիտեք քանի տոկոս է կեղծվելու ընտրությունները, դրա համար էլ ձեր տվյալները համընկնում են` Ադիբեկյանը հակադարձեց. «Ո՞նց թե մոտ եմ կանգնած: Խի Գելափը հեռո՞ւ է կանգնած, հա՞: Ես  կանխատեսել ու ստորագրել էի Հովիկ Աբրահամյանի դեմը իմ թվերի առջեւ` 42-45% ՀՀԿ-ն, 32-35` ԲՀԿ-ն, ու ասել եմ՝ ով է անցնելու»:

Ավելին` ՀԱԿ-ի հետ կապված Ահարոն Ադիբեկյանը նշեց` «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ուշաթափությունը չլիներ, նրանք ահագին մեծ ձայներ էին հավաքելու: 3% ձայն կորավ միայն ուշաթափության հետեւանքով, ձեզանից ո՞վ դա զգաց: Երբ նա ոտի կանգնեց, հետ եկավ ոչ թե 3%-ը, այլ մեկուկեսը: Վստահության խնդիր կա, եթե այդ մարդը հիվանդանում է, ո՞վ պետք է լինի»:

Մեր հարցին` Ձեր կարծիքով ընտրությունները չե՞ն կեղծվել` պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ընտրությունները կեղծվել են 3 տարբերակով: Առաջինը` մեկը մտնում, քվեաթերթերն է լցնում, երկրորդը` ով որ  վերջնական թիվն է գրում, մի հատ ստորակետ փոխում է: Այդ երկուսը վերահսկվում են պետության կողմից: Այս շրջանում ընտրատարածքում խախտում չի եղել, վերահսկվել է: Հաշվել են քվեաթերթերը, արձանագրել են բոլորը: Եթե եղել է` եղել է դուրսը: Խախտում չի եղել, եղել է ճնշում, ազդեցություն, կաշառք: Եվ դա մեր ընդհանուր պրոբլեմն է, ոչ միայն  իշխանությունների: Ես մի անգամ ասել եմ` պոռնկության դեմ պայքարն ունի 3 միջոց: Նյու Յորքում դատապարտում են փող տվողին, ասում է` շան տղա, ինչի՞ ես փող տալիս, որ ինքը գայթակղվի, Ֆրանսիայում մեղադրում են պոռնիկին, ասում են` խի՞ ես դուրս եկել փողոց, սոցիալական ծրագիր կա: Շվեյցարիայում էլ երկուսին` խի՞ եք դուք խախտում մեր բարոյական նորմերը: Հիմա մենք ո՞ւմ դատապարտենք` փող տվողի՞ն, վերցնողի՞ն, թե՞ երկուսին»:

Ինչ վերաբերում է Ահարոն Ադիբեկյանին եւ նրան հավատալ-չհավատալուն: Նա բացատրեց, որ երբ ասել է, որ դաշնակները քիչ տոկոս են հավաքելու, դաշնակները թշնամացել են իր հետ, երբ ասել է, որ կոմունիստներն են պարտվելու` կոմունիստներն են թշնամացել: Սրանով պարոն Ադիբեկյանը վստահեցրեց, որ ինքը օբյեկտիվ է. «Ես այսօր ուրախացա, որ Հայաստանի Հանրապետություն թերթից ասուլիսին չմասնակցեցին: «Հ1»-ը ո՞ւր է»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Դուք այսօր լավ գովացիք Բակո Սահակյանին,ղարաբաղցիները չե՞ն կասկածի, որ Դուք Բակո Սահակյանի պատվերն եք կատարում` նա պատասխանեց. «Քանի որ իմ արմատները Շուշիից են, ինձ այնտեղ լրիվ ուրիշ ձեւ են վերաբերվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930