Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար համանախագահները «կներկայացնեն մի քանի գաղափարներ»

Հունիս 15,2012 16:11

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

Հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ներկայացնելով մի քանի գաղափարներ, փորձելու են մոտեցնել երկու երկրների դիրքորշումները ղարաբաղյան բանակցություններում: Այսօր այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Գալիք երկուշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին հայտնի դարձավ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հարավկովկասյան վերջին այցի ավարտին, երբ Բաքվում Քլինթոնը հայտարարեց, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կներկայացվի նոր մոտեցում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք շարունակել [ղարաբաղյան հարցի շուրջ] երկխոսությունը: Ուրախ ենք, որ երկու երկրների արտգործնախարարները ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են, եւ շատ ուրախ ենք, որ նրանք շարունակելու են բանակցել: Մենք ցանկանում ենք բոլոր կողմերին պահել բանակցությունների սեղանի շուրջ. այդ գործընթացը կարեւոր է: Եվ այդ ամենի իմաստն էլ բանակցությունները շարունակելն է` ղարաբաղյան խնդրում խաղաղ լուծումներ փնտրելու համար», – ասաց Ջոն Հեֆերնը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ի՞նչ նոր մոտեցումներ են ներկայացվելու Փարիզում, Ջոն Հեֆերնը պատասխանեց. – «Ես այդ հարցը կուղղեի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ես համանախագահ չեմ: Մենք միշտ փնտրում ենք [ղարաբաղյան հակամարտության կարգավորման] նոր գաղափարներ, որպեսզի խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն եւ իր ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերները ներկայացնելու են հակամարտության կարգավորման մի քանի գաղափարներ` այդ խնդրում մոտեցնելու Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները»:

Սարգիս Հարությունյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930